«Ջուլիետը թբիլիսյան հայերից էր, Ռոմեոն էլ ծագումով մեգրել (վրացիներին ազգակից ժողովուրդ) էր` և ահա քեզ աշխարհի ամենատխուր պատմությունը,- շատ համոզիչ կատակում էր Մարլեն անունով տաքսու վարորդը: – Իհարկե, ծնողները նրանց երբեք թույլ չէին տա ամուսնանալ… Ազգությունը ավիացիայի պես է, այն պահպանել և զարգացնել է պետք»: Ազգությամբ հայ տաքսու վարորդ Մարլենի հետ զրույցն է մեջբերում «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի թղթակից Ասլիժան Օրշոգդուգովան, ով իր հոդվածում անդրադարձ է կատարում ազգամիջյան ամուսնություններին և հասարակական գործընթացների վրա դրանց ազդեցությանը:
«Պատկառելի տարիք ունեցող Մարլենը, ով ազգությամբ հայ էր, պարզվեց, արդեն 4-րդ տասնամյակն է` ամուսնացած է այլազգի կնոջ հետ: Երեխաներ, թոռներ, թվում է, թե երջանիկ ամուսնություն է: Սակայն աճող սերնդի համար հարսնացուներ և փեսացուներ միայն «իր ազգակիցների միջից է ընտրելու»,- վստահաբար հայտարարեց «շաշկիներով վարորդը»: Չվիճեցի…Նախ, երևում էր, որ նրա այդ հայտարարությունը հիմնված էր դառը փորձի վրա: Երկրորդ հերթին, շատ հարցերում համաձայն էի նրա հետ: Իսկ ներկայիս անհանդուրժողական միջավայրում առհասարակ ամեն բառի տակ կստորագրեի:
Քննդադատեք, չքննադատեք ԽՍՀՄ-ին, այնուամենայնիվ, այն ժամանակները մի տեսակ «անօդային էին» (այսինքն, դրական էներգիայով լիցքավորված): Կամ հասարակության մեջ առկա ճեղքերը որակյալ կերպով քողարկվում էին, կամ էլ իսկապես մարդիկ ճիշտ սկզբունքներով էին ապրում, հարգելու ընդունակ էին: Ի դեպ, բոլորը հարգում էին դիմացինի թե լեզուն, թե մշակույթը, թե սովորույթները, և ավանդույթները: Ազգային հարցին չէին անդրադառնում, իսկ անդրադառնալիս, չէին վիրավորում, և այդ ամենն էլ առանց արյունահեղության էր ավարտվում: Ինչ վերաբերում է ազգամիջյան ամուսնություններին, դրանք բավական հաճախ հանդիպող, և սովորական երևույթ էր և բոլորովին էլ ամոթալի բան չէր: Նախկին Խորհրդային Միությունում 80-ականների վերջին գրեթե յուրաքանչյուր 6-րդ ընտանիք բաղկացած էր տարբեր ազգություն ունեցող անձանցից: Հասկանալի է, որ դա բավական շոշափելի շերտ է հասարակության մեջ, շատ հարցերում հասարակական տարբեր գործընթացների զարգացման վրա ազդող` ժողովրդագրական, էթնիկ, սոցիալական և այլն: Փաստերը վկայում են, որ խորհրդային տարիներին էթնիկապես խառը ընտանիքների թիվն աճում էր: Եթե 1959 թվականին նման ընտանիքների թիվը կազմում էր 5,2 մլն կամ 10,2 %, ապա, 1979 թվականին` 9,9 մլն կամ 14,9 %, իսկ 1989-ին 12,8 մլն կամ 17,5 %:
Այսօր ազգամիջյան ամուսնությունները ոմանց համար բավական հանդուրժելի երևույթ են, այլոց համար` անսահման հնարավորությունների և խոստումնալից հեռանկարների աշխարհ է», – գրել է լրագրողը: