«Հայաստանի Հանրապետությանը Մոլդովայի ազգային բանակի զինանոցից ժամկետնանց զենք վաճառելու հարցը քննող Մոլդովայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի նիստից հետո մեր երկրի որոշ ԶԼՄ-ներ իսկապես խեղաթյուրված են ներկայացրել իմ խոսքերը` ինձ վերագրելով այն արտահայտությունները, համաձայն որոնց, Մոլդովան ավարտին կհասցնի պայմանագիրը և Հայաստանին կփոխանցի զինամթերքի մնացած չափաբաժինը»: Այս մասին ադրբեջանական vesti.az կայքին հաղորդել է Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարիցունան:
Նրա խոսքով` վերոնշյալ գործարքի կատարումը դադարեցվել է սկանդալի բռնկվելուց անմիջապես հետո, և ներկայումս պայմանագրի վերանայման հարցով գործընթաց է անցկացվում, որը գործարքը վերջնական արդյունքում չեղյալ հայտարարելու նպատակ ունի:
Ուրբաթ նույն Մարինուցան հայտարարել էր, որ չնայած ծավալված մի շարք սկանդալների, իրենց ղեկավարությունը մտադիր է Հայաստանին փոխանցել զինամթերքի մնացած մասը:
«Ոչ մի իրավաբանական փաստաթուղթ չկա, որը կարող է արգելել անել դա: Ես հուսով եմ, որ շատ կարճ ժամանակում պայմանագրի կատարումը կշարունակվի: Այդ պայմանագրում կասկածելի դրույթներ չկան և ես կարծում եմ, որ մենք այն մինչև վերջ պիտի կյանքի կոչենք», – ասել էր նա:
Միաժամանակ, Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Պետկովը, ով հանդիսանում է հայ-մոլդովական գործարքը քննող հանձնաժողովի անդամ, հայտարարել է vesti.az-ին, որ Հայաստանին մոլդովական զենք վաճառելու վերաբերյալ պայմանագրի արժեքը 3 մլն 200 հազար դոլար է կազմում, բայց նման զենքի համար Քիշնևը կարող էր 8 մլն դոլար ստանալ, որը բուլղարական ընկերությունն էր առաջարկում:
«Հայաստանն առհասարակ հայտնվեց բանակցային գործընթացի երկրորդ կամ երրորդ փուլում: Սկզբում ենթադրվում էր, որ այդ զինամթերքը Ուկրաինայի համար է նախատեսված: Իսկ հետո հանկարծ Հայաստանը հայտնվեց: Այսօր ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ Հայաստանը կարող է ստանալ ոչ միայն հրթիռային համակարգերը, որոնք արդեն հայտնվել են այնտեղ, այլև այնպիսի զինամթերք, ինչպիսին են` «Ֆագոտը» և«Շտուրմը», ինչպես նաև «Գրադ» տեսակի արձակման կայանքը», – ասել է պատգամավորը:
Նրա խոսքով` մատակարարված զենքը 70-80-ականների արտադրանք է և բավական սարքին վիճակում է: