Home / Հայաստան / Հայաստանում կներդրվի սննդամթերքի անվտանգության համակարգ

Հայաստանում կներդրվի սննդամթերքի անվտանգության համակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել են համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, Եվրամիության անդամ պետությունների լավագույն փորձը։

Ակնկալվում է, որ սննդամթերքի անվտանգության կենսունակ համակարգի ներդրմամբ կստեղծվեն պարենային հումքի և վերամշակված արտադրատեսակների արտաքին առևտրաշրջանառության ներկայիս խիստ բացասական հաշվեկշռի բարելավման նախադրյալներ։

Կառավարության որոշմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է շուրջ 301 մլն դրամ ՀՀ 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրով տոհմային երինջների ձեռքբերման նպատակով։ Արտերկրից ներկրվող համաշխարհային լավագույն կաթնատու և կաթնամսատու ցեղերի տոհմային երինջներից ստացվող սերունդն օգտագործվում է ինչպես տավարի նախիրների համալրման, այնպես էլ տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման համար։