ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ եթե ինքը ներկայիս պաշտոնը զբաղեցներ 2008 թվականի մարտի 1-ին, ապա հնարավոր կլիներ խուսափել զոհերից: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
«Այդ պրոցեսի ժամանակ աշխատանքներ էր պետք անել մարդկանց հետ, հասկանալ, բացատրել, բերել այն որակին, որ կոնֆլիկտը չբերի զոհերի։ Ես կարծում եմ, որ երևի թե ինձ կհաջողվեր դա անել։ Կարծում եմ, ես ավելի կտրուկ կլինեի, կարծում եմ` ավելի խիստ կլինեի։ Դա չի նշանակում, որ մարդ կսպանեի։ Դա նշանակում է, որ կընտրեի գրոհային քաղաքականություն, չէի սպասի հարձակումներին, առաջ կգնայի հարձակումով, որով կկարողանայի բացառել զոհերը։ Որովհետև արյունը, այնուամենայնիվ, դաժան է։ Ես գտնում եմ, որ այս պարագայում մեղավոր ենք բոլորս, այստեղ չկա այնպիսի բան, թե ընդդիմությունն էր մեղավոր, իշխանությունն էր մեղավոր։ Բոլորս ենք մեղավոր։ Ես, դուք, բոլորս։ Մենք ենք այդ իրավիճակը ծնել, ստեղծել։ Մեկս ուրախացել ենք, որ իրավիճակը գրգռվում է, մեկս կողքից մի լեգենդ ենք պատմել, որ իրավիճակը ավելի գրգռվի, մյուսն ասել է, թե` ինչքան վատ, այնքան լավ, էն մյուսն ասել է, թե` արի առիթից օգտվենք, մեկին տանենք, մեկն ասել է, թե` արի առիթից օգտվենք, ու էս մեկը, որ մի անգամ ինձ նեղացրել է, այս աղմուկի տակ, սրան մի բան անենք։ Մենք այդպիսի տեսակ ենք, մարդ ենք դարձել այդպիսի», – մասնավորապես, ասել է Գասպարյանը: Նա նշել է, որ այն մարդիկ, ովքեր կարող են գրգռել իրենց, շատ վատ տեսակ են։
«Նման տեսակին հասարակության միջից վիրաբուժական լուծումով պետք է հանեմ։ Այսինքն, դա օտար մարմին է։ Այս երկրին չի կարելի ցնցումների տանել։ Ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում անձնական վիրավորանքներին։ Ինչ քննադատություն լինի իմ հասցեին՝ եթե տեղին է, եթե մարդավարի է, ես ուժեղ մարդ եմ, ներողություն կարող եմ խնդրել։ Փալասն ու թույլը չի կարող դա անել: Ես շատ ուժեղ եմ, ես շատ պինդ եմ, ես կարող եմ ներողություն խնդրել, որովհետև ինձ համար ավելի թանկ է աչքերի մեջ նայելը, քան հայացք փախցնելը», – ասել է Վլադիմիր Գասպարյանը։