Թեև մարդիկ սովորաբար չեն սիրում մշտապես ամեն ինչից դժգոհող անձանց, սակայն ամերիկացի գիտնականները կարծում են, որ «նվնվացողները» անգնահատելի ծառայություն են մատուցում, քանի որ առաջինն են նկատում այն խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Մշտապես դժգոհ մարդիկ օգնում են լուրջ փոփոխություններ իրականացնել կյանքում:
Օհայո նահանգի համալսարանի գիտնական Ինդիա Ջոնսոնը պնդում է, որ բացասական մտածողությունը դրական հետևանքների է բերում: Մարդիկ կարող են տարիներով հաշտվել իրենց խնդիրների հետ և չնկատել դրանք, անգամ եթե դա իրենց տանջանք է պատճառում: Իսկ երբ ինչ-որ մեկը դժգոհություն է հայտնում այդ առիթով, դա կարող է առաջին քայլը դառնալ խնդիրների լուծման ճանապարհին:
Մարդը սկսում է հասկանալ, որ որոշ բաներ իրեն իրոք անհանգստացնում են և տհաճություն պատճառում:
Գիտնականների հետազոտության շրջանակներում կամավորներին սկզբում պատմել են մի ուսանողի մասին, որին դուր չէր գալիս համալսարանի քաղաքականությունը առաջին կուրսում սովորողների հանդեպ: Միաժամանակ, կամավորների մի խմբին հայտնել են, որ ուսանողը հասել է իր ուզածին, իսկ երկրորդ խմբին` որ նրա բողոքները անպատասխան են մնացել: Այնուհետև նրանց առաջարկվել է ըստ իրենց հայեցողության կարդալ կրթության նախարարության երկու զեկույցները` նվիրված համալսարանի կարգուկանոնին: Մեկը քննադատական էր, մյուսը դրական արձագանքներ էր պարունակում:
Ուշագրավ է այն փաստը, որ գրեթե բոլոր մասնակիցները, որոնք լսել էին ուսանողի պատմության դրական ավարտի մասին, ցանկացել են կարդալ նախարարության բացասական արձագանքը: Ամերիկացի հոգեբանը դա բացատրում է նրանով, որ ինչ-որ երևույթների բացասական գնահատականն է մարդուն բերում այն մտքին, որ կյանքում անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել: