ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, ևս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Հայաստանի ևս 3 քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին և Ա. Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճություն կատարելու համար (պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ), իսկ Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվելհանցագործության մասին չհայտնելու համար (պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ):