Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հաշվի չի առնելու չար մարդկանց թույնը

Սերժ Սարգսյանը հաշվի չի առնելու չար մարդկանց թույնը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելով ազատ, արդար ընտրությունների առաջարկություններով, դա արել է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավելու քաղաքական գործընթացները Հայաստանում, կոնկրետ՝ ընտրությունների կազմակերպումը, այլ ուղղակի նպատակ ունի վարկաբեկելու սկսված գործընթացը:

Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, մենք թափ ենք հավաքում, և մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Այսինքն, դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքում, որոնք արժանացան մեր եվրոպական գործընկերների, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաև կոնկրետ գործողություններ ենք կատարում:

Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն ուղղակի սևացնելն ու այդ գործընթացը վնասելն է: Բայց կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու և ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձևով, այլ բոլոր քաղաքական գործընթացները՝ հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ՝ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը՝ մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, և կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու:

Ամեն ինչ նորմալ է լինելու: Չնայած այդ ամենին, գիտե՛ք, մենք երեկ պատասխանեցինք պարոն Հովհաննիսյանի նամակին և մեր կարծիքը հրապարակեցինք», – ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակում մի շարք առաջարկություններ էր արել, մասնավորապես, կոչ անելով Սերժ Սարգսյանին «բացառել կուսակցական գործունեությունը նախագահական նստավայրում, ընտրություններին ապահովել  ֆինանսական իրավահավասար պայմաններ` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը, բացառել եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորությունը»:

ՀՀԿ-ի տարածած պատասխան հայտարարության մեջ նշվում էր, որ «հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն»: