Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հարց է ուղղել Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության փաստաբանին (հայցվոր կողմ) և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի ներկայացուցիչներին (պատասխանող կողմ)`հաշտության համաձայնություն կնքելու իր առաջարկը քննարկվել է արդյոք, թե՞ ոչ, և ինչ կարծիքի են կողմերն այդ մասին:
Ինչպես նշում է «ՉԻ»-ն, ի պատասխան`«Արմավիա» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու անգամ առաջարկել է հաշտություն կնքել: Սակայն մեկ անգամ մերժվել է, երկրորդ անգամ պատասխան չի ստացել: Ընկերությունն առաջարկել էր տպագրել հերքման իր տեքստը: Միաժամանակ «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանն էլ դատարանում հայտարարել է, որ թերթը երկու անգամ հերքել է այն արտատպված հրապարակումը, որը դարձել է դատական հայց ներկայացնելու առիթ: «Կոռեկտ չէ երկու անգամ հերքում տպագրելուց հետո երրորդ-չորրորդ անգամ հերքել նույն բանը»,-պարզաբանել է Մաթևոսյանը:
Այնուհետև դատավոր Ռուբեն Ափինյանը հարց է ուղղել հայցվոր կողմին` թե ինչո՞ւ են նրանք 2 մլն դրամ փոխհատուցում պահանջում թերթից, այլ ոչ ասենք 200 կամ 500 հազար դրամ:
«Տեղեկատվությունն իր բնույթով այնպիսին է, որ, ըստ էության, կարող էր և հասցվել լուրջ վնաս «Արմավիա» ընկերության գործարար համբավին», – նկատել է «Արմավիայի» ներկայացուցիչը` հավելելով, որ ընկերությունը նպատակահարմար է գտել փոխհատուցում պահանջել նշված չափով, այսինքն`հայաստանյան օրենսդրությամբ նման դեպքերում նախատեսված առավելագույն գումարի չափով:
«2 մլն դրամը էդքան լո՞ւրջ է: Ես լուրջ կհասկանայի, եթե 2 մլն ԱՄՆ դոլար պահանջեին», – հակադարձել է դատավորը:
Հիշեցնենք, որ «Արմավիայի» պահանջի պատճառը «ՉԻ»-ի՝ Epress.am-ից արտատպած «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» հոդվածը, որում, մասնավորապես, վկայակոչվում են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերն այն մասին, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը» (հոդվածի սկզբնաղբյուրը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք): Epress.am-ը «Էխո Մոսկվիի» հրապարակման առնչությամբ դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին, ով հայտնել էր, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չէր պատասխանել: Ավելի ուշ «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որով պնդում էր, որ ««Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով: