1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500, ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դիմակայել համաճարակին: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո անցած ավելի քան քսան տարվա ընթացքում հանրապետությունում հսկայական փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի բնագավառում: Այս առումով կարևոր քայլ էր 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը 2007-2011թթ. համար, որի գործողության ժամկետն ավարտվում է այս տարի: Արդեն իսկ միջազգային խորհրդատուների կողմից կատարվել են ծրագրի կարևորագույն բաղադրիչների գնահատումներ, որոնք արձանագրել են զգալի առաջընթաց երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ստեղծվում են բժշկական օգնության տրամադրման և լաբորատոր ենթակառուցվածքներ, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Արդյունքում բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, ՄԻԱՎ վարակի և համավարակների կառավարումը, հիվանդների դիսպանսերային հսկողությունը:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նաև «Թեժ գծի» միջոցով: ՁԻԱՀ-ին առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել 61-08-20 հեռախոսահամարով, առանց ներկայանալու դիմել իրեն հուզող հարցով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն: