Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում քարոզչական հնարավորությունների հավասարության մասին խոսք լինել չի կարող, և ընդդիմությունը շարունակում է զրկված մնալ հեռուստաեթերից:
Մուսինյանի խոսքով` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին նախորդ ամսվա վերջին Հանրային հեռուստատեսության եթեր հրավիրելը քարոզչական հավասար հնարավորությունների արտահայտություն չէ:
«Ընդդիմությունը շարունակում է գերակշռող մեծամասնությամբ զրկված լինել հեռուստատեսությամբ և ուղիղ եթերով հանդես գալու հնարավորությունից», – հայտարարել է Մուսինյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե Երևանում սնկի նման աճում են 1in.am կայքի, այսպիսով նաև «Ժամանակ» օրաթերթի (վերջիններս միացյալ խմբագրություն են կազմում – խմբ.) հսկայական գովազդային վահանակները, իսկ լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտարարում է, որ ինքն իրականացնում է Կոնգրեսի քարոզչությունը, Մուսինյանը պատասխանել է.
«Ես ձեզ կարող եմ ասել հետևյալը. «Ժամանակ» և «1in.am» լրատվամիջոցները որևէ կապ չունեն Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Այնպես, ինչպես Կոնգրեսի հետ որևէ կապ չունի վերը նշված լրատվամիջոցների ղեկավարը` Արման Բաբաջանյանը: Սա կարող եք համարել պաշտոնական պատասխան: Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք իրենց գաղափարներով սատարում են Համաժողովրդական շարժմանը, և դրանց մեջ «1in.am» և «Ժամանակ» լրատվամիջոցները չեն մտնում, և նրանք որևէ կերպ չեն ներկայացնում Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները»: