Մարդու իրավունքների հետ կապված խնդիրները ստեղծում են իշխանությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը` իր գնահատականները ներկայացնելով դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
«Մարդու իրավունքները դրանք իշխանություն-քաղաքացի հարաբերություններն են: Քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները չեն կարող դասվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Իշխանություններն են ստորագրում քաղաքացի-պետություն հարաբերություններին վերաբերող փաստաթղթերը», – նշել է Դանիելյանը:
Նրա խոսքով` հայաստանյան իշխանությունները երկդեմ քաղաքականություն են վարում` փորձելով Եվրոպայում Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավար երկիր, որտեղ աշխատում են բարելավել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:
«Դա արվում է միմիայն մեկ նպատակով` գրանտեր ստանալու: Այդ պատճառով ես օրինակ 2002 թվականին դեմ էի, որ մենք մտնենք Եվրոպայի խորհուրդ, և ինձ համարեցին ազգի դավաճան, նույնիսկ իրավապաշտպանները:
Այժմ պետությունը գրանտեր է ստանում տարբեր միջազգային կազմակերպություններից, և ոչ միայն եվրոպական: Օրինակ, կարելի է ստուգել, թե որքան գրանտ է ստանում ՀՀ դատախազությունն ԱՄՆ կառավարությունից: Եթե չեմ սխալվում վերջին տարիներին մոտավորապես մինչև 10 միլիոն դոլար: Այդ գումարները տրվել են բարեփոխումների համար: Բայց դատախազությունը չի բարեփոխվել: Այն դարձել է մի պատժիչ մեքենա, որն ազդում է դատարանների վրա և կոծկում է այն ապօրինությունները, որ կատարվում են ոստիկանությունում կամ քրեակատարողական հիմնարկում: Եվ այդ ամենը վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին:
Վերջերս բարձրաստիճան պաշտոնյաների այն խոսքերը, որ հիմնական գրանտակերերը հասարակական կազմակերպություններն են, որոնք դրսի գումարներով փորձում են խարխլել պետության հիմքերը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Հիմնական գրանտակերը պետությունն է: Եվ թող իրենց, այսպես ասած, շլանգի տեղ չդնեն: Բա ինչո՞ւ էին մտնում Եվրոխորհուրդ: Այնտեղ ասում են` մենք դեմոկրատ ենք, մեզ փող տվեք: Այդ առումով Բելառուսն ավելի ազնիվ է: Նրանք ասում են` մենք դեմոկրատ չենք, եվրոպացիները հայտարարում են, որ գումար չեն տա նրանց: Լուկաշենկոն ավելի ազնիվ է` հայտարարելով, որ թքած ունի ժողովրդավարության վրա: Իսկ մերոնք իմիտացիա են ստեղծում` փորձելով համոզել, որ Հայաստանում առաջընթաց կա», – նշել է Դանիելյանը:
Իրավապաշտպանի խոսքով` Բելառուսում հիմնարար ազատությունների խնդիրը լուրջ է, և հասարակությունը «փակում են» ստալինյան ոճով:
«Բայց մեզ մոտ, որ ստալինյան ոճով չի, մեծ հաշվով ոչնչով չի տարբերվում», – հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
Նրա խոսքով` արդյունավետ իրավապաշտպան գործունեություն իրականացնելու համար այդ գործընթացին պետք է լծվեն ոչ միայն իրավապաշտպանները, այլ նաև լրագրողները, փաստաբանները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները:
«Նրանք բոլորը մտնում են միևնույն կառույցի մեջ, որը կարելի է անվանել իրավապաշտպան կառույց: Բայց Հայաստանում դա այդպես չէ: Դասական օրինակները փաստաբաններն են, որոնց մեծամասնությունը պարզապես փոստատարի դեր է կատարում` փորձելով չմտնել իշխանությունների հետ առճակատման մեջ: Մարդու իրավունքների համար մեր երկրում պայքարում են անհատները, ինչը շատ բարդ գործ է», – ասել է Միքայել Դանիելյանը:
Նրա խոսքով` այս հարցում շատ կարևոր դեր պետք է խաղան միջազգային ինստիտուտները`Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը:
«Սակայն, ցավոք սրտի, դա տեղի չի ունենում: Դրա վառ ապացույցը Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջին բանաձևն է (բանաձևում մարտի 1-ի էջը փակված է համարվում – խմբ.): Եվ առհասարակ, այս բոլոր ինստիտուտները ծայրահեղ բացասական դեր են խաղացել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո: Նրանց կողմից այդ իրադարձություններին անհրաժեշտ, համարժեք արձագանք այդպես էլ չհետևեց, եթե չասենք ավելին, որ այդ մասին ընդհանրապես լռում էին: Միակ կառույցը, որ փորձում էր ինչ որ բան անել, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակն էր, սակայն այն բախվում էր ԵԽԽՎ-ի քաղաքական պատին: Ամենացավալին այն է, որ Թոմաս Համմարբերգի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսին և մնում է միայն հուսալ արժանի փոխարինման մասին: Հայաստանի հարցում դերակատարության առումով մյուս երեք կառույցների` Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի մասին առհասարակ խոսելն անիմաստ է: Նրանց գործողությունները կարելի է մեկ բառով բնորոշել` անբարոյականություն»,-եզրափակել է իրավապաշտպանը: