Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքներ գոյություն չունեն, և գոյություն չունեին առնվազն այդ տարածքների խորհրդայնացման ժամանակից ի վեր: Եվ Ղարաբաղում էլ միջհամայնքային հարաբերությունների ինչ-որ համակարգ երբեք գոյություն չի ունեցել: vesti.az կայքի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Գեորգի Վանյանը, ով նոյեմբերի վերջին Բեռլինում մասնակցել է Ղարաբաղի ադրբեջանցի փախստականների հանդիպմանը:
Նրա խոսքով` Ղարաբաղի բնակչությունն իրենից խորհրդային համայնք էր ներկայացնում, որը էթնիկ պատկանելության պատճառով երկու մասի բաժանվեց:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից շրջանների բնակչության ադրբեջանական հատվածը արտաքսվել և վտարվել է: : Այդ հակամարտության համատեքստում Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» հավասարազոր է Բաքվի «ազատագրմանը» հայերից:
Բայց խնդիրը դրանում չէ: Խնդիրը հանրային շփման մեջ ազատության բացակայությունն է, խնդիրը տոտալ և բռնի վերահսկողությունն է ցանկացած գործողության հանդեպ, որը կարող է հանգեցնել խաղաղարարության: Խնդիրը քաղաքացիական երկխոսության դաշտի բռնազավթումն է: Խնդիրը նրանում է, որ Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների և հասարակական գործիչների հայտարարությունները բառ առ բառ կրկնում են չճանաչված ԼՂՀ-ի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի խոսքերը, այն կառույցների, որոնք ներկայումս փակուղի են մտցրել բանակցային գործընթացը: Եվ հանրությունը ոչ միայն ստորագրում է, այլև ցանկացած նմանատիպ հայտարարությանը Սահմանադրական օրենքի կարգավիճակ է շնորհում:
Արդյունքում Ղարաբաղի հայերը չժամանեցին բեռլինյան հանդիպմանը, քանի որ այդ մասնակցությունն արգելված էր «օրենքով»: Նրանք կարող էին և ժամանել և իրենց նախկին հայրենակիցների հետ քննարկել այն խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ «համայնքային ձևաչափում» երկխոսության ձևակերպման հարցում: Այս պարագայում բաց, սուր և անկեղծ երկխոսություն տեղի կունենար: Սակայն երկխոսությունն այսօր «արգելված է օրենքով», որի խախտումը հղի է պատիժներով:
Ցավոք սրտի, այդ բոլոր «հնարավորությունները» ճնշող մեծամասնության դեպքում իրենց արձագանքն են գտնում մեր համընդհանուր «քարոզչության» հայելում: Ե՞րբ վերջապես կհասկանանք, որ այդ ամենը լուրջ չէ»: Երբ վերջապես կհասկանանք, որ տերմինների քսանամյա պատերազմը արդյունքներ չի տալիս և չի հասնում ոչ միջազգային հանրությանը, ոչ մեր քաղաքացիներին: Արդյունքում մենք ընդամենը աշխարհին և միմյանց ցույց ենք տալիս մեր լվացված ուղեղները և երկխոսության անկարողությունը:
Ինչ վերաբերում է համայնքային ձևաչափին, ապա այն պետք է նաև իմաստով լցվի հիպոթետիկ ապագայում, երբ արդեն համերաշխության եկած ազգերը սկսեն մշակել և երկու ազգերի միջհամայնքային կենսագործունեության սոցիալ քաղաքական կոնկրետ ծրագիր իրականացնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում», – ասել է Վանյանը: