Դեկտեմբերի 18-ին` կյանքի 75-րդ տարում մահացել է Չեխոսլովակիայի վերջին (1989–1992) և Չեխիայի առաջին (1993–2003) նախագահ Վացլավ Հավելը: Մահվան պատճառը երկարատև հիվանդության հետևանքով առաջացած բարդություններն էին:
Հավելը կոմունիստական Չեխիայում այլախոհական շարժման առաջնորդներից էր, ով պայքարում էր խորհրդայնամետ ռեժիմի դեմ: Խորհրդային Միության զորքերը ներխուժեցին Պրահա ճնշելու 1968 թվականին բարձրացրած բողոքի ալիքը. գրող, հրապարակախոս Հավելը պայքարողների շարքերում էր:
Նրան չկանգնեցրեց անգամ ազատազրկումը 1970-ականներին: «Անուժների ուժը» էսսեյում Հավելը գրել է, որ «բռնապետական հասարակության մեջ ակտիվ փոքրամասնությունը պարտավոր է դիմադրել»:
Երեկ և այսօր աշխարհի բոլոր ԶԼՄ-ները հայտնում են մեծանուն քաղաքական գործչի, գրողի և մտածողի մահվան մասին, տալիս են նրա կերպարի նկարագիրը:
Ինչպես «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրում է լրագրող Նիկոլայ Տրոիցկին, Հավելը հանդիսանում էր հոգու իսկական արիստոկրատ, իսկ գործող քաղաքական գործիչներից վերջին մտածող մոհիկանն էր:
«Նա ցանկանում էր համատեղել երկու անհամատեղելի ծայրահեղություններ` ինտելեկտն ու իշխանությունը: Հավելը երկու անգամ կարողացավ իրականացնել այդ երազանքը, որը հանգիստ չէր տալիս առաջատար մարդկությանը փիլիսոփա Պլատոնի ժամանակներից ի վեր:
Նա պայքարում էր ոչ հանուն իշխանության, այլ իր երկրի ազատության համար, որը սկզբում կոչվում էր Չեխոսլովակիա, այնուհետև, ոչ առանց իր` վերջին նախագահի օգնության, դարձավ Չեխիա:
Նա չէր ընդունում բռնությունը և միշտ մարտնչող պացիֆիստի դերում էր հանդես գալիս: Թեև անսովոր ու պարադոքսալ է հնչում, բայց նա հենց այդպիսի «պարադոքսների ընկերն էր»:
Վացլավ Հավելը միշտ խաղաղ միջոցներով էր պայքարում ազատության համար, նրա զենքը խոսքն էր: Որպես դրամատուրգ և նախևառաջ հրապարակախոս նա բայով էր այրում, այրում էր մարդկային դեմքով մյութոսաբանական կոմունիզմի և ֆանտաստիկ սոցիալիզմի կուռքերին:
Նրանից վախենում էին, նրան հետապնդում էին և թունավորում:
Բայց Հավելի խոսքն իր համաքաղաքացիների ուղեղների զանգվածային ոչնչացման զենք դարձավ, այն բարձրացրեց իրեն մտքերի կառավարիչի աթոռին, ազգային հերոսի և երկրի ղեկավարի պաշտոնին:
Նախագահ Հավելը ընտրվել էր խորհրդարանի կողմից միաձայն, ինչը ժողովրդավարության բարձրագույն դրսևորումն էր, ազատագրված ազգի կամքի իրականացումը:
Բայց ընտրության նման ձևը նրան իսկական քաղաքական իշխանություն չէր տալիս: Թեև նա դրան չէր էլ ձգտում: Նրան բավարար էր միայն բարոյական հեղինակություն լինելը:
Նա այդպիսին մնաց մինչև կյանքի վերջ: Հավելը մինչև վերջ մնաց ինտելեկտուալ մարտիկն այն ամենի դեմ, ինչը հակասում էր ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ նրա պատկերացումներին», – գրում է Տրոիցկին: