Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն մեկ անգամ տապալվել է 2006-ին, և եթե այս անգամ ֆրանսիացիներն ընդունեն այն, յուրաքանչյուր ոք, ով հերքի Հայոց Ցեղասպանության փաստը 1 տարի բանտում կանցկացնի կամ ստիպված կլինի մինչև 45 հազար եվրո տուգանք վճարել: Օրինագծին արդեն կողմ է քվեարկել Ազգային Ժողովի ստորին պալատը, հերթը` Սենատինն է:
Օրինագծի հնարավոր ընդունումը հիստերիայի ալիք է բարձրացրել Թուրքիայում, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ենթարկվող, ինչպես նաև չենթարկվող, բայց ազգայնական ուղղվածություն ունեցող մամուլը լծվել է Ֆրանսիային խարանելու գործին: Լրագրողները գտնում են մարդկանց (օրինակ, ալժիրցիների), ովքեր բացահայտում են Ֆրանսիայի պատմության մութ էջերը, խոսում են 60-ականների սկզբին Ֆրնասիայում և Ալժիրում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց հետևանքով ալժիրցիներ էին զոհվում: Քաղաքական գործիչներն Էրդողանի գլխավորությամբ հիշում են բոլոր հնարավոր ցեղասպանությունները՝ մատնանշելով դրանցում Ֆրանսիայի դերը՝ Ալժիրից հասնում են Ռուանդայի արյունոտ դեպքերին:
Գրեթե նույնքան մեծ է հիստերիան հայկական լոբբիի շրջանում. օրինագծի համար Ֆրանսիայում պայքարողները պահանջում են ընդունել օրինագիծ և զօրուգիշեր աշխատում են դրա համար: Հիշեցնում են 1915 թվականը, խոսում Ցեղասպանության ժխտման անհնարինության մասին: Ֆրանսիան իր կամ ընդհանրապես եվրոպական դիվանագիտության կանոնների համաձայն, հայերի և թուրքերի գզվռտոցն օգտագործում է սեփական նպատակներով: Նախագահական ընտրություններից առաջ սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը հայերին մեծ-մեծ խոստումներ տվեց, գործող նախագահ Սարկոզին ուզում է հետ չմնալ մրցակցից:
2012 թվականի հունվարի 19-ին կլրանա հինգ տարին այն օրվանից, երբ Ստամբուլում սպանվեց հայազգի լրագրող, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքը: Անցյալ տարի այդ տխուր տարելիցի կապակցությամբ Epress.am-ը զրուցում էր Դինքի մտերիմներից մեկի՝ լրագրող Արիս Նալջիի հետ, ով երկար տարիներ աշխատել էր Հրանտի հետ և աշակերտել նրան:
«Վախենամ, որ Հրանտ Դինքի անունը բրենդի է վերածվում: Շատերն օգտագործում են նրա անունը, սակայն կյանքի չեն կոչում նրա գաղափարները», – ասել էր Արիս Նալջին:
Մեկ տարի անց կրկին թվում է, որ Արիսի վախերն արդարացված են: Հրանտ Դինքին որպես բրենդ, սեփական շահերի պաշտպան օգտագործում են հայերից շատերը ընդհուպ մինչև ազգայնական հայացքների տեր մարդիկ ու կուսակցություններ, որոնց հետ Դինքն առանձին կռիվ ուներ: Նրա մասին ֆիլմեր են նկարում, նրան ներկայացնում են որպես թուրքերի զոհ: Այնինչ, նա շատ կոնկրետ ասելիք ուներ, և նա ոչ թե թուրքերի, այլ ռեպրեսիվ, ազգայնական ռեժիմի զոհ էր, որոնք շատ են աշխարհով մեկ:
2006 թվականի հոկտեմբերին Reuters գործակալությանը տված հարցազրույցում Հրանտ Դինքն ասել էր, որ եթե Ֆրանսիան ընդունի Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, ապա ինքը կմեկնի Ֆրանսիա և դեմ կարտահայտվի օրինագծին` դրանով իսկ հերքելով Ցեղասպանութունը:
Որովհետև դա ընդամենը խոսքի ազատության հարց է: Դինքը լավ գիտեր, թե ինչպես են հետապնդում մարդկանց հերքման համար: Նա հերքում էր Թուրքիայում ընդունված պաշտոնական պատմությունը, և դրա համար իր կյանքով հատուցեց:
Եվ այսօր` Դինքի հարցազրույցից 5 տարի անց, երբ Ֆրանսիան կրկին քաղաքական խաղեր է տալիս՝ հայերի համար պատմության ցավալի էջը մանրադրամ դարձնելով, հարկավոր է հստակ գիտակցել, որ այն 45000 եվրոն, որն օրենքի ընդունման դեպքում կգանձվի Ցեղասպանությունը ժխտած մարդուց և կուղղվի Ֆրանսիայի պետբյուջե, չի վերակենդանացնելու 1915-ին զոհված հազարավոր մարդկանց, և չի ստիպելու հերքողին հասկանալ ցեղասպանության արհավիրքը: Այդ փաստն ընդամենը օգտագործվելու է քաղաքական պայքարում ի շահ անձերի, բայց ոչ հասարակությունների, և նշանակելու է, որ հերթական անգամ խախտվեց խոսքի ազատությունը, ինչին Հրանտ Դինքն այդքան դեմ էր:
Լուսանկարը` jughaculturalgenocide.blogspot.com