Գլխավոր / Բանտ / Քաղաքացիական, թե՞ մարդկային հասարակություն. ինչ մոդել է գործում Հայաստանում

Քաղաքացիական, թե՞ մարդկային հասարակություն. ինչ մոդել է գործում Հայաստանում

«Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստին արվեստաբան Վարդան Ազատյանը ներկայացրել է ֆրանսիացի փիլիսոփա Ալան Բադյուի «Արվեստը՝ նոր ունիվերսալության հնարավորություն» տեսության իր ընկալումը:

Ըստ Ազատյանի` Բադյուի տեսությունը դիտարկում է երեք հիմնարար բաղադրիչ՝ իրադարձություն, ճշմարտություն, սուբյեկտ:

Արդի իշխող մտածելակերպը ու դրա վրա խարսխված հասարակական կառույցը Բադյուն բնութագրում է իբրև դեմոկրատական մատերիալիզմ, որտեղ կան միայն մարմիններ ու լեզուներ: Այս աշխարհի արժեքներն են՝ վերջիններիս պաշտպանությունը, որպես բազմազանության, մասնավորությունների, հաղորդակցականության, մարդու իրավունքների պաշտպանություն, ինչն էլ ամրագրում է պոստմոդերնիզմի տեսությունը: Ունիվերսալությունն ընկալվում է այստեղ միայն տոտալիտար առումով, իբրև իրավունքների ոտնահարման գերակայություն, և առաջանում է իրական ունիվերսալության ճգնաժամ:

Արվեստը դառնում է մասնավորությունների պաշտպանություն ընդդեմ կապիտալիզմի բացասական ունիվերսալության: Մի կողմից՝ կա շուկայի ունիվերսալություն, մյուս կողմից՝ դրան հակազդող արվեստային վիճակներ, որոնք հանդես են գալիս ոչ ունիվերսալության անունից, այլ համայնքի, ինքնության, մարմնի մասնավորության անունից, և չեն հավակնում նոր ունիվերսալության, ունիվերսալությունից հրաժարվում են առհասարակ:

Ի հակադրություն դրան, Բադյուն առաջարկում է մի համակարգ, որտեղ առաջնային տարրերը ոչ թե ինքնություններն ու մարմիններն են, այլ իրադարձությունը, ճշմարտությունը, սուբյեկտը: Իրադարձությունը դա իրերի կարգն անսպասելիորեն փոխող դեպքն է, որը հնարավոր չէ կանխատեսել ու հնարավոր չէ հետդարձ հայացքով մինչև վերջ հասկանալ: Կյանքը թե’ մանր, թե’ համաշխարհային դեպքերից բաղկացած հյուսվածք է: Գոյը /սուբյեկտը, ինքնությունը/ չկա իրադարձությունից առաջ, լինելիությունը ծնվում է իրադարձությունից: Մաքուր լինելիությունն ընդհամենը բազմապատկվելու հատկություն ունի:

Իրադարձությունը ծնում է ճշմարտություն, և ճշմարտությունը միշտ իրադարձային է: Ճշմարտությունը օբյեկտ չունի, այսինքն՝ փաստը որպես այդպիսին չի կարող ճշմարիտ լինել, այլ միայն՝ իրադարձության ներսում: Ճշմարտությունը` լինելով իրադարձային, միշտ ներկայանում է իբրև բացառություն իրերի ընդունված կարգում: Դրանից դուրս կան միայն մարմիններ ու լեզուներ, եթե չհաշվենք, որ կա ճշմարտությունը, որը միշտ խզում է առկա կարգը: Բադյուն իր տեսությունով հակադրվում է հակալուսավորչական պոստմոդեռնիզմին և վերականգնում լուսավորչական, ունիվերսալ հայտնագործության հնարավորության վրա հիմնված լուսավորչական մտածելակերպը: Այս սահմանումներն տալն ինքնին արդեն լուսավորչական արարք է:

Ըստ Բադյուի, փիլիսոփայությունն իրադարձային չէ, ինքնին փիլիսոփայություն չկա, և իր գոյության համար պահանջում է չորս պայման՝ գիտություն, քաղաքականություն, արվեստ և սեր: Միայն այս չորս ոլորտում է տեղի ունենում իրադարձությունը, որը ծնում է ճշմարտություն: Բայց այս չորսը չեն կարողանում իրենց ճշմարտությունը հասկանալ, և դա անում է փիլիսոփայությունը: Մարքսի համար էլ էր դա այդպես, ճշմարտությունը ծնվում էր հեղափոխության իրադարձությունում: Արվեստը՝ ճշմարտության ընթացակարգ է, չորսից մեկը: Այս չորսը իմանենտ են, և մեկը չի կարող փոխարինել մյուսին: Բայց փիլիսոփայությունը կարող է չորսի տրամաբանությունն էլ ունիվերսալացնել ու հարաբերել:

Արվեստը առաջ է փաստերից, իրենք երբեք նույնը չեն: Ավանդույթը, ուրեմն, ժառանգականություն չի, այլ՝ խզումների շարք: Արվեստը միշտ աշխատում է զգայելիի /տեսանելիի, շոշափելիի/ մակարդակով, ինքը զգացմունք չի: Արվեստի սուբյեկտը անձը, հեղինակը չի, այլ ինքը՝ արվեստի գործը:

Սա արմատական ձևով հակառակ է աշխարհը իբրև լեզվական, մարմնական, սիմվոլիկ կառույց համարելուց: Ինքնությունների հակադրության վրա հիմնված աշխարհը չի կարող դուրս գալ ինքն իր մեջից, հետևաբար՝ կապիտալիզմի քննադատությունը չի կարող հաղթահարել կապիտալիզմը, և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Քննադատությունը կարողացավ հաղթահարել ֆեոդալիզմը, բայց ոչ կապիտալիզմը, հետևաբար, միայն քննադատության քննադատությունը /զենքով/ կարող է փոխել կապիտալիզմը: Բռնատիրություն-ազատություն ընդունված հակասությունը չի բերում դրա լուծմանն ու հետագա զարգացմանը, այլ բան՝ երբ կա ազատության երկու սահմանումների հարցը: Հարցադրման նման փոփոխությունը միայն կարող է մեզ բերել կոմունիզմի ոլորտ, որտեղ հնարավոր է նոր ունիվերսալությունն ու դրական իրադարձության հնարավորությունը: Հակասությունը, իբրև իրադարձության հիմք, չի վերանում կոմունիստական մտածելակերպի համար, սակայն ստանում է այլ, պարզ ու կոնստրուկտիվ, մարդկայնորեն ջերմ /սիրող/ բնույթ:

Վարդան Ազատյանը նշեց, որ այստեղ շատ էական է ռոմանտիզմի գնահատման խնդիրը: Մի կողմից, Բադյուն սահմանում է ռոմանտիկական ֆորմալիզմը իբրև համայնքների, ինքնությունների պաշտպանության առաջին փորձ, սակայն զեկուցողը կոչ արեց չմոռանալ ռոմանտիզմի հիմնական ձեռքբերումը՝ պնդումը, որ ոչ թե արվեստն է հետևում իրականությանը, այլ հակառակը՝ իրականությունը հետևում արվեստին: Հետևաբար, իրականության կոնֆիգուրացիան էսթետիկական է:

Վերջում զեկուցողն անդրադարձավ այս զեկույցն անելու իր անձնական պատճառներին, կենդանի ակտուալությանը հենց մեր հասարակությունում: Իր կարծիքով մեր հասարակությունը անցում է կատարում դեմոկրատական մատերիալիզմին, և արվեստն ավելի ու ավելի դառնում է դրա զենքը: Դրա  հետևանքը, զեկուցողի ձեւակերպմամբ, կարող է  դառնալ «անդորրի արհավիրքը», մարմինների եւ լեզուների պաշտպանությունը առանց ունիվերսալ իրադարձությունների, առանց ճշմարտության ծնունդի: Վարդան Ազատյանը վերջում հիշեցրեց Մարքսի այն թեզը, որտեղ նա քաղաքացիական հասարակությունը հակադրում է մարդկային հասարակությանը:

Տեքստը տրամադրեց` Արա Նեդոլյանը