Հայաստանում 2012-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են շատ մեծ չափերով: Հայաստանի կառավարությունն ի սկզբանե ամեն ինչ ձախողել է և այսօր նստած մտածում է՝ ինչ սուտ մոգոնի, որ հինգ ամիս անց ընտրությունների գնալու երես ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանում վիճակն այնքան լարված է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո դժվար թե իշխանությունը շարունակի ղեկավարել: Հայաստանում ոչ մի հեռանկար չկա, սարսափելի մակարդակի վրա է մեր կառավարության գործունեությունը: Առավել վստահ եմ, որ 2012 թվականի մայիսի 6-ից հետո Հայաստանում վիճակն արմատապես կփոխվի դեպի լավը, տեղի կունենան լուրջ քաղաքական փոփոխություններ», – համոզված է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններին՝ գիտակցելով, որ իրենց մասնակցությունը ստիպելու է իշխանությանը գնալ լուրջ կեղծիքների:
«ՀԱԿ-ը կհավաքի ոչ պակաս, քան ձայների 40-45 %-ը՝ ընտրությունները չկեղծվելու դեպքում: Չնայած հետընտրական կրքերն անխուսափելի են լինելու, այնուամենայնիվ, մարտի 1-ի արյունահեղությունը իշխանությունը չի կրկնի: Հիմիկվանից վստահ հրավիրում եմ բոլորիդ մայիսի 6-ին գալ Ազատության հրապարակ», – ասել է Բագրատյանը:
Լուսանկարը` oursurprisingworld.com