ՀՀ վերաքննիչ դատարանը Վռամ Բաղդասարյանի քրեական գործով նյութերը, որը բաղկացած է 15 հատորից, ստացել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին և դատական նիստ է նշանակել դեկտեմբերի 29-ին, ժամը 13-00-ին` զրկելով պաշտպանական կողմին ներկայացնելու նոր ապացույցներ և պատշաճ պաշտպանություն իրականացնել: Այս մասին ասված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության կողմից Epress.am-ին տրամադրած հայտարարության մեջ:
Նշենք, որ Վռամ Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտել էր 14 տարի ազատազրկման` 2010 թվականի մայիսի 12-ին Խաչիկ Մկրտչյանին սպանելու մեղադրանքով: Բաղդասարյանի շահերը պաշտպանող Հելսինկյան ասոցիացիայի փաստաբանները` Գայանե Խաչատրյանն ու Նինա Կարապետյանցը բազմիցս բարձրաձայնել են գործում առկա ապօրինությունների մասին և դեկտեմբերի 9-ին բողոքարկել են վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 388 հոդվածը սահմանում է վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննության ժամկետը, որը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, սակայն հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:
Ընդ որում, գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:
Նշված քրեական գործը բաղկացած էր 9 հատորից, 10 ամիս առաջին ատյանի դատարանը քննել է այն, որի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարան գործն ուղարկելիս այն արդեն բաղկացած է եղել 15 հատորից:
Ըստ էության, վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 15 օրյա ժամկետը պահպանելով, բայց մի՞թե է ֆիզիկապես հնարավոր էր 13 օրում` 4 օրը ոչ աշխատանքային օրեր են, ծանոթանալ 15 հատորից բաղկացած քրեական գործի նյութերին, լսել շուրջ տասը ամսվա դատաքննության դատական նիստերի ձայնագրությունները, ընդ որում` բացի նախագահող դատավորից գործի նյութերն ուսումնասիրում են նաև դատարանի կազմի մյուս դատավորները:
Փաստ է, որ թե նախագահող դատավոր Գ.Ավետիսյանը, թե դատարանի կազմի մեջ մտնող դատավորներ`Ե.Դարբինյանը և Ս.Չիչոյանը չեն ծանոթացել քրեական գործի նյութերին, որը հիմնավորվում է թե դատաքննությունը սեղմ ժամկետում նշանակելու, թե նախագահող դատավորի և կազմում ընդգրկված մյուս դատավորների 16.12-29.12.2011 թթ ժամանակահատվածում այլ դատական նիստերով ծանրաբեռնվածությամբ», – նշում է Հելսինկյան ասոցիացիան:
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ դեկտեմբերի 13-ին Վռամ Բաղդասարյանի քրեական գործով տեղի ունեցած ապօրինությունների մասին բողոք էր ներկայացրել Սերժ Սարգսյանին` պահանջելով որպես ՀՀ-ում օրինականության երաշխավոր հետամուտ լինել սույն քրեական գործով արդար դատաքննությանը:
Դրանից հետո` դեկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահը խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ` ընդգծելով քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախակի հանդիպող ուղղակի ապօրինի որոշումներին, կարևորելով այդ որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:
«Սակայն, ինչպես ցույց տվեց սույն քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից դատաքննության հապճեպ նշանակումը, այն էլ վճռաբեկության կարգով, միանշանակ հիմնավորվում է, որ պետության նախագահի հրահանգները ուղղակիորեն բանի տեղ չեն դրվում կամ էլ ժամանակ առ ժամանակ նախագահը թոզ փչելու համար նմանատիպ ժողովներ է անցկացնում», – այդ առնչությամբ ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: