Հայոց Ցեղասպանությունը Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու հնարավորությունը տարիներ շարունակ չափվում էր Թուրքիայում Իսրայելի արտաքին քաղաքականության շահերով, և այն փաստով, որ Եղեռնի ճանաչումը սպառնում էր «հոլոքոստ» հասկացության կորստով` որպես հրեաների բացառիկ «սեփականություն»: Բարոյականությունը կամ հայկական հոլոքոստի հետ նույնականացումը երկրորդական խնդիրներ էին, որ ժամանակ առ ժամանակ հանրային բանավեճերի թեմա էին դառնում, գրում է իսրայելական «Հաարեց» պարբերականը:
«Այժմ վարչապետի գրասենյակը կրկին միջամտում է այս հարցի շուրջ Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի աշխատանքներին` հիմնվելով այն փաստի վրա, որ նիստի ելքը կարող է խաթարել իսրայելա-թուրքական հարաբերությունները:
Սյս համատեքստում արժե վերհիշել, որ թուրքական նավատորմի հետ կապված միջադեպից հետո, Քնեսեթի և նախարարների կաբինետի մի շարք անդամներ սպառնացին Հայոց Ցեղասպանությունը Իսրայելի օրակարգ մտցնել` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքային հարձակումներին հակազդելու համար:
Իսրայելը բազմաթիվ հնարավորություններ ուներ Հայաստանի հետ իր համերաշխությունը ցուցադրելու համար, երբ Երուսաղեմն ու Անկարան լավ հարաբերություններ ունեին: Բայց այդ ժամանակ Իսրայելն ընտրեց բարոյական լռությունը, և անգամ օգտագործում էր իր ընկերական կապերը ԱՄՆ Կոնգրեսին Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետ պահելու համար:
Իսրայելն աշխարհի վերջին պետություններից է, ով զավթել է մեկ այլ ազգի տարածքը և ժխտում է Պաղեստինյան Նակբայի (պաղեստինցիների մասսայական օտարում Իսրայելից) հիշատակը: Նա չի կարող իրեն ներկայացնել բարոյականության դրոշի լույսի ներքո: Քնեսեթի ոչ մի հատուկ քննարկում չի պահանջվում, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը կամ Նակբան դպրոցներում ուսուցանվի: Կրթության նախարարը լիազորված էր ընդունել այդ որոշումն առանց սին բարոյականության կրկեսի:
Մոտ 1,5 միլիոն հայեր, որոնք սպանվեցին, մահվան շքերթի դուրս բերվեցին 1915 թվականին, արժանի են իրենց վերապրած հոլոկոստի միջազգային ճանաչմանը: Եվ ամենից առավել, նրանք արժանի են Թուրքիայի կողմից պատմության այս սարսափելի դրվագի ճանաչմանը:
Սակայն այս պահին Իսրայելի համար Ցեղասպանության ճանաչումը քաղաքականապես հարմար քայլ է` որպես Թուրքիային դիմադրելու և սադրելու միջոց, և հեռու է այն ճանաչումից, որին արժանի է հայ ժողովուրդը», – գրում է «Հաարեցը»: