ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է 2010 թվականի մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի, նույն գործով դատապարտված միջադեպի մասնակիցներ Հայկ Սանդալջյանի և Արթուր Փոխարյանի ՀՀ վերաքննիչ բողոքի քննությունը: Արթուր Փոխարյանը դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ հրաժարվել է փաստաբանից և խնդրել է դատարանից, որ իր նկատմամբ համաներում կիրառվի:
Բաղդասարյանի փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը, ներկայացնելով իր վերաքննիչ բողոքը, նշել է, որ իր պաշտպանյալը այդ սպանությունը չի կատարել, քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, բացի դա քննության ընթացքում խեղաթյուրվել են փաստերը` Վռամ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրելու համար:
«Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է կողմնակալ քննություն, ինչու չէ դատախազության պատվերը, քանի որ որևէ ինքնուրույն գործողություն դատարանը չի կատարել: Հետևաբար պաշտպանական կողմը միջնորդել և միջնորդում է, նախ այս գործի քննությունը իրականացնել վերաքննության կարգով: Ինչպես նաև քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6 և 10 կետերով կայացնել արդարացման դատավճիռ: Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք պահելը), 258 հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով մեղմ պատիժ»,- ասել է Գայանե Խաչատրյանը:
Միջնորդությունից հետո դատավորը հետաձգել է դատական նիստը` այն նշանակելով հունվարի 19-ին, ժամը 14.30-ին:
Նշենք նաև, որ ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այս դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները նստել են տարբեր աթոռների վրա և հնարավորություն չեն ունեցել խորհրդակցելու միմյանց հետ:
Դատական նիստի սկզբում Վռամ Բաղդասարյանի պաշտպան Գայանե Խաչատրյանը դատավորին միջնորդել է հնարավորություն տալ իրեն նստել իր պաշտպանյալի կողքին: Նիստը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանն ասել է, որ մեղադրյալներին չեն կարող մոտեցնել, բայց պաշտպանների սեղանը մոտեցրել են նրանց սեղանին: Սակայն այստեղ էլ Վռամ Բաղադսրայնի և նրա պաշտպանի մեջտեղում իրար փոխարինելով կանգնում էին ուղեկցող գումարտակի ոստիկանները:
Այս առնչությամբ Epress.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
«Օրենքով փաստաբանը պետք է շփվի իր պաշտպանյալի հետ և ամեն պահի կարող են ինչ-որ հարցեր ծագել, դատավորը թույլատրեց սեղանը մոտեցնել: Բայց այդ պարագայում էլ ոստիկանները կանգնած էին Վռամ Բաղդասարյանի և Գայանե Խաչատրյանի մեջտեղում և, ինչու չէ, գուցե և լսում էին: Սահմանափակվում է մեղադրյալի շփումը իր փաստաբանի հետ և սահմանափակվում են նրա իրավունքները: Դատից հետո, երբ ես դիմեցի նախագահող դատավոր Ավետիսյանին, և ասեցի, որ դա անօրինական է, նա ասաց, թե դա իր իրավասության մեջ չի: Այստեղ հարց է ծագում, ո՞վ է նախագահողը, ով է ղեկավարում դատարանի դահլիճը: Ո՞վ է ղեկավարը, ոստիկանությունը, թե դատավորը: Եթե դատավորը` նա կարող է կարգադրել, որ նման բան չլինի, եթե ոստիկանը, ապա դա այլ խնդիր է: Եվ երկրորդը. եթե վախ կա, որ պաշտպանը կարող է իր պաշտպանյալին ինչ-որ բան փոխանցել, ապա այդ դեպքում ինչու են իրեն և մեզ բոլորիս զննում, ուրեմն թող չզննեն…»,- ասել է Միքայել Դանիելյանը: