Կապանում գալիք ամիսների ընթացքում կարող է բաց եղանակով ոսկու հանք շահագործվել: Օրերս հանքի սեփականատեր կանադական Deno Gold Mining ընկերության տնօրեն Ջոնաթան Գուդմենը հայտարարել է, որ բաց շահագործման ծրագիրը ընկերությունը կներկայացնի առաջիկա եռամյսակի ընթացքում:
Կապանում շահագործման մասին խոսակցությունները սկսել էին դեռ 2007 թվականից: 2010թ. տեղական մամուլում էլ պաշտոնական հայտարարվել էր բաց հանքի շահագործման մասին: Հայտարարությանը հաջորդել էին բուն աշխատանքները Կապանի հանքավայրում: Քանի որ հանքի շահագործման համար նախատեսված տարածքը զբաղեցնում է նաև Կապան քաղաքի տարածքի մի մասը, տվյալ մասի բնակիչները` մոտ 40 ընտանիք, տեղահանվել էին: Տարածքում գտնվող մոտ 50.000 ծառերով այգիներում սկսվել էին ծառահատումներ:
Բնապահպանական կազմակերպություններն ակտիվ պայքար էին սկսել հանքի շահագործման դեմ:
«2009թ. Կապանում սկսված այս գործողությունները մեծ աղմուկ բարձրացրեցին: Խնդրի լրջությունը ոտքի հանեց ոչ միայն կապանցիներին, այլև Երևանում էլ հասարակական միջոցառումներ սկսվեցին Կապանը փրկելու համար: Մենք նամակներ գրեցին Հայաստանի իշխանություններին, Կանադայի վարչապետին: Ու հասանք այն բանին, որ ընկերության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում են հանքի շահագործումից», – Epress.am-ի հետ զրույցում նշել է բնապահան Ինգա Զառաֆյանը:
Մեր հարցին, թե ինչ վտանգ է իրենից ներկայանցնում հանքի շահագործումը, բնապահպանը պատասխանել է. «Հանքը գտնվում է քաղաքի մոտ: Իսկ հանքի շահագործումը ենթադրում է օրեկան մի քանի խոշոր պայթյուններ, դա միանշանակ ճակատագրական կլինի ողջ քաղաքի համար», – ասել է բնապահպանը:
Epress.am-ը զանգահարել է Deno Gold Mining և հարցրել` արդյոք որոշված է հանքը բաց եղանակով է շահագործվելու է, թե ոչ, և չափվել է արդյոք բնությանը հասցնելու վնասի չափը:
«Բաց մշակման հարցը երբեք չէ չի հանվել: Դա մեր ծրագիրն է: Ուղղակի կշահագործենք բաց հանքը, թե ոչ, դեռ որոշված չէ, դա պարզ կլինի մեր հետազորտությունների ավարտից հետո», – մեր հարցին ի պատասխան ասել է ընկերության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Նորայր Աղայանը:
Ինգա Զառաֆյանը կարծում է, որ նոր հետազոտություններ սկսվելու փաստը վկայում է միայն այն մասին, որ բաց շահագործման ծրագիրը, այնուամենայնիվ, փորձ է արվելու իրականացնել:
«Բնապահպաններին չի հետաքրքրում հետազոտությունները և դրանց արդյունքները, բաց հանք չպետք է շահագործվի: Մենք չենք ուզում գնահատականներ, նոր նախագծեր, մենք ուղղակիորեն դեմ ենք բաց շահագործմանը»,- ասաց Ինգա Զառաֆյանը:
Լուսանկարը` ec0lur.org