Հունվարի 18-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Աշոտ Ավետիսյանին, ով հայտնի է «Նեպտունի Համիկ» կամ Բանգլադեշի Համիկ մականվամբ (Ավետիսյանը Բանգլադեշի «Նեպտուն» համալիրի տնօրենն է):
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` ժամը 00.15-ին 32-ամյա Գարիկ Նազարյանը Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի, որի ղեկին նստած Աշոտ Ավետիսյանը, իջնելով մեքենայից, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Նազարյանին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել վնասվածքներ:
Հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով, որը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ըստ շրջանառվող լուրերի` ձերբակալվածը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է:
Նախագահական նստավայրի մոտ այսօր բողոքող Երևանի կենտրոնի մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ Աշոտ Ավետիսյանը ժամանակին ահաբեկել է Եկմալյան փողոցի շենքի բնակիչներին` պահանջելով իրենցից լքել բնակարանները:
Նրանց խոսքով` 2004թ. Երվանդ Զախարյանի օրոք Եկմալյան 5 շենքի հողատարածքը անցել է Ավետիսյանի աներոջ` Անդրանիկ Խալոյանի սեփականության տակ: