Ֆրանսիայի Սենատի օրենսդրական հարցերով հանձնաժողովը չորեքշաբթի դեմ է քվեարկել Ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը դեկտեմբերի 22-ին ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:
Երեկ քվեարկության առնչությամբ Հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որի մեջ, մասնավորապես, ասված է.
«Ցեղասպանություն է եղել, և հանձնաժողովը ցանկանում է իր անսահման հարգանքն արտահայտել հայ ժողովրդի հանդեպ, և այն սարսափելի ողբերգությանը, որ նրանք ապրել են:
Բայց հանձնաժողովը, այդուհանդերձ, օրենսդիր մարմնի կողմից պատմական դաշտի մեջ մտնելու օրինականության վերաբերյալ կասկածներ ունի և առաջարկել է, որպեսզի օրենսդրական բանաձևերը ավելի շատ կարեկցանք արտահայտող լինեն, քան խոսքը քրեականացնող»:
Սա, սակայն, չի նշանակում, որ օրինագիծը չի մտնի Ֆրանսիական Սենատ հունվարի 23-ին, ինչպես և նախատեսված էր: Սենատը կարող է միայն հետևել կամ չհետևել Հանձնաժողովի առաջարկին, որը տվյալ դեպքում օրինագծի մերժում է ենթադրում:
Սենատի պաշտոնատար անձինք նշում են, որ գերակշիռ դեպքերում Սենատը հետևում է օրենսդրական հանձնաժողովի առաջարկներին: Այդուհանդերձ, Սենատի կողմից օրինագծի մերժումը չի կարող ամբողջովին չեղյալ հայտարարել Ֆրանսիայում ամենաազդեցիկ մարմնի` Ազգային Ժողովի որոշումը, որը ցանկանում է օրինագծին օրենքի ուժ հաղորդել: Ազգային Ժողովը կարող է ևս մեկ անգամ օրինագիծն ուղարկել Սենատ, և պարտադրել Սենատին վավերացնել օրինագիծը:
Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Սենատի պաշտոնյաներիից մեկը խոսքով` իրավիճակը կարող է երկու սցենարով զարգանալ: Սենատորները կարող են արհամարհել հանձնաժողովի քվեարկությունը և վավերացնել օրինագիծը, կամ կարող են մերժել օրինագիծը` հանձնելով այն երկու պալատների ենթահանձնաժողովներին վերամշակելու նպատակով:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ տարածած հայտարարության մեջ ասել է, որ այս որոշումով Ֆրանսիական Սենատի հանձնաժողովն իր առողջ դատողությունն է ցուցադրել: