Home / Հայաստան / Երևանյան կրկեսը կհամալրվի նոր գիշատիչ կենդանիներով

Երևանյան կրկեսը կհամալրվի նոր գիշատիչ կենդանիներով

Երևանյան կրկեսում նախորդ տարվա օգոստոսից վերանորոգում է իրականացվում  և նախատեսվում է, որ Հայաստանը 2013 թվականին հոկտեմբեր-նոյեմբերին կունենանք մոդեռնիզացված կրկես: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա նշել է, որ այս պահին կրկեսի աշխատանքները չեն դադարեցվել: Կրկեսի ղեկավարությունը վարձակալությամբ վերցրել է առևտրի նախկին  տունը, և կրկեսն այնտեղ է զբաղվում ստեղծագործական աշխատանքով. բացի դա, ժամանակավորապես այնտեղ է տեղակայված նաև Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան:

Սոս Պետրոսյանն ասել է, որ հին կրկեսում արդեն անհնար էր  աշխատել, քանի որ ձմռանը մարդիկ վերարկուներով էին նստում,  իսկ ամռանն այնքան շոգ էր լինում, որ շնչել հնարավոր չէր: Բացի դա, կրկեսը 1962 թվականից ի վեր նույնիսկ կոսմետիկ վերանորոգման չէր ենթարկվել և, նկատի ունենալով այդ հանգամանքները, որոշվել է դիմել վերանորոգման:

Ինչ վերաբերում է կրկեսի կենդանիներին, ապա դրանք նոր կրկեսում կլինեն ավելի շատ:

«Կենդանիների պարկը կմեծացնենք: Նաիրա Պետրոսյանը, ով զբաղվում է  կենդանիներով, հավանաբար ապրիլին կգործուղվի Մոսկվա և այնտեղից մեզ կտրամադրեն շատ կենդանիներ, այդ թվում` գիշատիչներ: Մենք գիշատիչ կենդանիների վարժեցման համար դրսից կհրավիրնք նաև մասնագետների, քանի որ Նաիրան գիշատիչներով չի զբաղվում», – ասել է Պետրոսյանը:

Վերջինս նշել է, որ նոր կրկեսի նախագծումն իրականացնում են մոսկվահայ ճարտարապետ Վահագն Վերմիշյանը և հայաստանաբանակ ճարտարապետ Աշոտ Ավետիսյանը:

Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ հունվարի  27-ին, երեկոյան ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայկական  բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որի ժամանակ կրկեսային խումբն անակնկալ կմատուցի հանդիսատեսին: Հատուկ այդ միջոցառման համար երկու օրով Հայաստանում կլինեն նաև Գինեսի գրքի քառակի ռեկորդակիրներ, կրկեսի արտիստներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները: