Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել «Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությունը: Եթե մինչ այժմ գործող օրնեքով քրեական դատարանում կարող էր ներգրավված լինել միայն փաստաբան, իսկ քաղաքացիական դատական գործերում կողմերի շահերը կարող էր պաշտպանել ցանկացած մարդ, ապա այժմ փաստաբանի արտոնագիր է անհրաժեշտ նաև քաղաքացիական դատերի համար: Այսինքն` իրավաբանական ցանկացած գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ փաստաբանի որակավորում:
Փաստաբան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դատական համակարգի որակական փոփոխությունն արդարացված նպատակ է, սակայն սյուն փոփոխությունը ծայրահեղ մեթոդ է դրան հասնելու համար:
«Այս փոփոխությանը կողմ մարդիկ ասում են, որ դա թույլ կտա վերահսկել պրոֆեսիոնալիզմը. չէ՞ որ փաստաբանները պետք է անցնեն որակավորման հանձնաժողով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ընտրված այս մեթոդը ծայրահեղ է», – ասել է Հայկ Ալումյանը:
Օրենքի փոփոխությունը բացասական է գնահատում նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա` այս փոփոխությամբ խախտվում է դատարանի մատչելիության իրավունքը:
«Ես չեմ կարծում, որ օրենքի փոփոխությունը կատարվել է որակական փոփոխությունների հասնելու համար: Եթե պետական մարմինը կարող է առանց փաստաբանի հանդես գալ դատարանում, իսկ նրա դեմ հայց բերած քաղաքացին պարտավոր է փաստաբան վարձել, ապա խախտվում է խտրականության արգելքի սկզբունքը: Բացի դա, մարդուն դնում են հարկադրական ծախսերի տակ: Փաստաբանական ծառայությունները թանկ են, փաստաբանը պետք է հարկեր տա: Այս փոփոխությամբ դատական կողմին չի կարող պաշտպանել, օրինակ, իրավաբանական ֆակուլտետի դասախոս, ով պրոֆեսոնալիզմով ավելի բարձր է, քան լիցենզիա ունեցող փաստաբանները», – ասել է Արտակ Զեյնալյանը:
Այս փոփոխությամբ անհանգստացած իրավապաշտպանները մտածում են Սահմանադրական դատարան դիմելու մասին: