2011 թվականի ընթացքում Հայաստանում դարձյալ չեն բացահայտվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքները, իսկ իշխանությունները շարունակել են սահմանափակել հավաքների ազատությունը: Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության երեկ տպագրված 2012 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:
Ամփոփելով 2011 թվականը Հայաստանում` զեկույցի հեղինակները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք բացթողումներ են ընդգծում, մասնավորապես, նշելով, որ ոստիկանությունում շարունակվում է մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և ծեծի պրակտիկան, իսկ հայկական բանակում` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացության դեպքերը:
Human Rights Watch-ի դիտարկմամբ` ՀՀ կառավարությունը չի կարողացել արդյունավետ կերպով արձագանքել վերոնշյալ խնդիրներին, իսկ Հայաստանի միջազգային գործընկերները լիովին չեն օգտագործել իրենց լծակները երկրում մարդու իրավունքների բարելավման համար: Որպես օրինակ, մասնավորապես, նշվում է ԵԽԽՎ-ի Հայաստանին վերաբերող բանաձևը, որում 2008 թվականի մարտի 1-ի էջը փակված է համարվում: Human Rights Watch-ը դա համարում է Հայաստանի իշխանություններին տրված անտեղի երախտիք:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացմանը, որի հետևանքով հիմնականում տպագիր ԶԼՄ-ների դեմ հայցերն ավելացան և նրանցից մեծ գումարներ սկսեցին գանձել դատական որոշումների հիման վրա: Համաձայն զեկույցի հեղինակների, որոշ դեպքերում դատարանը հոդվածներին անհամաչափ տույժեր է կիրառել թերթերի նկատմամբ: