Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված տասներորդ և, հավանաբար, վերջին հանդիպումն է Մեդվեդևի նախագահության օրոք` եռակողմ ձևաչափով: Ամենայն հավանականութւյամբ, ինչպես և նախկին բոլոր հանդիպումները, այս մեկը ևս նկատելի առաջընթաց չի գրանցի, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Սոչիում կայանալիք հանդիպումներից դրական ակնկալիքներ, ի տարբերություն Կազանի, չկան: Թաթարստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցություններից առաջ թե միջնորդները, թե հակամարտող կողմերի ներկայացուցիչները հասկացնել էին տալիս, թեև զսպված, որ Կազանում նախագահները որոշակի փաստաթուղթ կստորագրեն, որը փակուղուց դուրս կբերի բանակցային գործընթացը, և խնդիրը մեռած կետից կտեղաշարժվի:
Այսօրվա հանդիպմանը բացասաբար են տրամադրված նաև փորձագետները: Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Սև ծովի ափին կայանալիք բանակցությունները, հակիրճ նկատել է. ոչինչ չի փոխվի, թերևս միայն ընթրիքի ճաշացուցակը, կամ Սարգսյանը, ի տարբերությհուն նախորդ հանդիպումների, ոչ միայն պարզապես կհետևի Մեդվեդևի և Ալիևի լեռնադահուկային զբոսանքներին, այլ ինքը կմիանա նրանց:
Նրա գործընկեր Էլհան Շահինօղլուն նույնպես կարծում է, որ եթե իր նախագահության օրոք Մեդվեդևին չի հաջողվել տեղաշարժերի հասնել ղարաբաղյան գործընթացում, ապա քիչ հավանական է, որ դա նրան կհաջողվի անել այն ժամանակ, երբ նա դարձել է «կաղող բադ» :
«Սոչիի հանդիպումը նման է գործընկերների հետ հրաժեշտի հանդիպման: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հասկանում են հանդիպման անիմաստությունը, սակայն մերժել նույնպես չէին կարող, ամեն դեպքում, Մեդվեդևը կարող է գլխավորել ռուսաստանյան կառավարությունը, և փչացնել հարաբերությունները հեռացող նախագահի և ՌԴ ապագա վարչապետի հետ չարժե»,- ասել է Շահինօղլուն:
Նմանատիպ գնահատականներ են հնչել նաև Երևանում: Մասնավորապես, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ առաջընթաց ակնկալել պետք չէր` անկախ նրանից գնում էր Մեդվեդևը, թե ոչ: «Գործընթացը փակուղում է գտնվում դիմադրության բնույթի խեղաթյուրման, բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղման, պայթյունավտանգ գաղափարների և իրավիճակների քննարկման դադարեցման պատճառով»,-կարծում է Սաֆարյանը: Միաժամանակ, նրա կարծիքով, բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ հարցերը պիտի քննարկվեն, քանի որ միայն կոնտակներն են կանգնեցնում տարածաշրջանում լարվածության մեծացումը և նվազեցնում են հակամարտող կողմերի միջև շփման գծում բախումների ռիսկերը: