Ղրղզստանի 13 բանտերում զանգվածային հացադուլ հայտարարած 400 կալանավորներ կարել են իրենց բերանները: Այսկերպ բանտարկյալները պահանջում են թուլացնել ռեժիմը և ավելի շատ ազատություններ տրամադրել իրենց:
Ըստ TIMESru.com-ի` կալանավորների հացադուլը պատասխան քայլ է հատուկ մարմինների կողմից բանտերից մեկում տեղի ունեցած ընդվզման ճնշմանը: Բողոքը սկսվել էր հունվարի կեսերին սովորական ստուգատեսի ժամանակ: Կալանավորները հրդեհ էին կազմակերպել, իսկ նրանցից ոմանք կտրել են երակները: Այս գործողությունները ճնշելու համար բանտ էին ժամանել հատուկ ջոկատներ: Արդյունքում` ավելի քան 30 բանտարկյալ է տուժել, ինչպես նաև պետծառայության 5 աշխատակիցներ:
Ի նշան համերաշխության` Ղրղզստանի գրեթե բոլոր կալանավայրերում հացադուլ է սկսվել, որը շարունակվում է արդեն մեկ շաբաթ:
Իշխանությունները, սակայն, մտադիր չեն զիջել կալանավորներին: