Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչը Փարավոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի դատական հայցի երկրորդ նախնական նիստը: Հիշեցնենք, որ Փարավոն Միրզոյանը պահանջում է, որպեսզի «ՉԻ»-ին հերքի 2010 թվականի ապրիլի 9-ին տպագրված «Ճանաչել Փարավոնին» հոդվածում գրված տեղեկությունները, քանի որ դրանք, ըստ հայցվորի, արատավորում են Փարավոն Միրզոյանի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորը պահանջում է նաև վճարել 2 միլիոն դրամ զրպարտության, 1 միլիոն դրամ վիրավորանքի համար և 300.000 դրամ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
«Խնդիրն այն է, որ «ՉԻ»-ն իր հոդվածում միայն վերահրատարակել է այլ լրատվամիջոցներում, մասնավորապես, «Հետքում» հրապարակված տեղեկությունը` հղում կատարելով: «ՉԻ»-ի լրագրողը, բացի արդեն հայտնի փաստերի հրապարակումից, արել է միայն դատողական գնահատումներ, նույնիսկ կարծիք չի հայտնում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «ՉԻ»-ի շահերը դատարանում պաշտպանող փաստաբան Հովիկ Արսենյանը` հայցվոր կողմի պահանջն անլուրջ համարելով:
«Սեփական կարծիքից զատ` այդ հոդվածը պարունակում է կոպիտ փաստեր և միշտ չէ, որ հղում է անում «Հետքի» հոդվածի վրա: Այսինքն, իմ կարծիքով, «ՉԻ»-ն առիթը օգտագործել է` Փարավոն Միզոյանի պատիվը վիրավորելու համար»,- ասել է հայցվոր կողմի ներկայացուցիչ Սիմոն Բաբայանը:
Դատական նիստի ժամանակ Հովիկ Արսենյանը պահանջել է, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի հերքման տեքստը: Նշվի, թե որ տեղերն են, օրինակ, վիրավորում Փարավոն Միրզոյանի պատիվն ու արժանապատվությունը, այդ դեպքում, թերթը կքննարկի հերքում տպելու հարցը:
Պատասխանող կողմը նաև կարծիք է հայտնել, որ ապացուցելու պատասխանատվությունը պետք է դրվի ոչ թե պատասխանող կողմի, այլ հայցվորի վրա:
Դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կողմերի միջև բաժանվեց ապացուցման բեռը հետևյալ հաջորդականությամբ. հայցվորը պետք է ապացուցի, որ իրեն վիրավորել են, իսկ պատասխանողներ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի և Սերգեյ Գասպարյանի վրա դրվեց զրպարտության մասով ապացուցման բեռը:
Հերթական նիստի մասին կողմերը գրավոր կծանուցվեն լրացուցիչ: