Փետրվարի սկզբին վրաստանյան խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ համաձայնագիր կստորագրեն, որում կպարտավորվեն համակարգել իրենց ջանքերը գրաքննության և խոսքի ազատության ոտնահարման դեմ: Լրագրողները մտադիր են նաև հասարակական կազմակերպություն ստեղծել, որի անդամները «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներին իրավաբանական պաշտպանություն կտրամադրեն:
Նման գործողությունները Վրաստանում առավել ակտուալ են դարձել, քանի որ իշխանությունները գնալով ավելի ու ավելի շատ են փորձում վերահսկողության տակ վերցնել ԶԼՄ-ները: Այս մասին GeorgiaTimes-ի հետ զրույցում ասել է «Լրագրողական էթիկայի խարտիայի» ղեկավար Զվիադ Կորիձեն:
«Մեծ ճնշում է գործադրվում տեղի լրագրողների վրա: Հիմնականում ճնշում է գործադրվում շրջաններում, այլ ոչ թե Թբիլիսիում: Մայրաքաղաքում էլ կան նման երևույթներ, բայց հիմնականում դեպքերը շրջաններում են լինում: Լրագրողը կարող է e-mail ստանալ դատախազից իր դեմ ուղղված սպառնալիքով: Եվ եթե նա նամակ է ուղարկում դատախազություն, պահանջելով քրեական գործ հարուցել, ապա նրանք ոչ միայն գործ չեն հարուցում, այլ նաև չեն հարցաքննում նամակի և ոչ մի հեղինակի»,- պարզաբանել է Կորիձեն:
Ըստ նրա` երբեմն բողոքով իրավապահ մարմիններին դիմելը նաև ի վնաս լրագրողների է գործում:
Կորիձեի խոսքով` եղել են դեպքեր, երբ լրագրողներին հատուկ ծառայությունները սկսել են շանտաժի ենթարկել, սպառնալով հեղինակազրկող լուսանկարներ տարածել, ինչպես, օրինակ, այն մասին, որ նա սիրային կապերի մեջ է ինչ-որ տղայի հետ, եթե նա չհամագործակցի իրավապահ մարմինների հետ»: