Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի դատական հայցն իրեն տուժող ճանաչելու պահանջով: Գործարարը պնդում է, որ իրեն միտումնավոր սնանկացրել են ընկերության աշխատակիցներ Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը:
Նա նշում է, որ 2005 թվականին, ԱՄՆ-ից Հայաստան գալով Խուդյանը հիմնադրել է «Արին Կապիտալ» ընկերությունը, որը սեփականատիրոջ և նրա հարազատների ներդրումներով սկսել է Մաշտոցի 33 հասցեում բնակելի շենքի շինարարությունը: Դեռ շինարարությունը չավարտված՝ շենքի բնակարանները նախնական վաճառվել են 12 սփյուռքահայերի: 2007 թվականին ընկերության տնօրինությունը Խուդյանը հանձնել է իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանին: Եսայանը վաճառքի նոր պայմանագրեր է կնքել, շենքի երկու հարկի շինարարական աշխատանքներով է զբաղվել, սակայն ձեռք բերած գումարների մի աննշան տոկոսն է մուտքագրել, ինչի արդյունքում, հայցվոր կողմի դիտարկմամբ, ընկերությունը սնանկացել է: Գործարարի խոսքով` նույն պահանջով իր հայցն առաջին ատյանի դատարանում մերժվել է:
Ինչպես դատարանում նշել է Խուդյանի շահերը պաշտպանող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, այժմ Էդմոնդ Խուդյանը շարունակում է վճարել 12 մարդկանց, ովքեր շենքում բնակարան ունենալու նախնական պայմանագրեր ունեն:
Դատական նիստի ընթացքում գործը քննող Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ծառայության քննչական վարչության ներկայացուցիչ դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը դատարանին ասել է, որ առաջին ատյանի դատարանը չի մերժել Խուդյանի հայցը, այլ ընդամենը հետաձգել է դրա ընդունումը, քանի որ գործի քննության ընթացքում պարզված փաստերը չեն ապացուցվել: Նա վստահեցրել է, որ դա նախաքննություն իրականացնող մարմնի կողմից դիտավորության արդյունք չէ, այլ գործը առանձնահատուկ ծավալ ունի և պետք է հարցվեն ընկերության հետ պայմանագրեր կնքած բոլոր մարդիկ:
Նիկոլայ Բաղդասարյանն այս դիտարկմանը հակադարձել է` ասելով, որ անտրամաբանական է, որ նախաքննության 8 ամիսների ընթացքում չի հարցվել անգամ տնօրեն Եսայանը, ում մեղադրվում են սնանկությունը կազմակերպելու մեջ: Ըստ Բաղդասարյանի` մեծ դժվարություն չի ներկայացնում պարզել` կա արդյոք դավադրություն, թե ոչ. ընդամենը անհրաժեշտ է նշանակել փորձաննություն և պարզել, որ ստորագրությունը կեղծ է, թեև, փաստաբանի խոսքով, փորձաքննության կարիքն էլ չկա, քանի որ տվյալ ժամանակահատվածում Էդմոնդ Խուդոյանը Հայաստանում չի եղել:
«Խուդյանը պահանջում է իրեն տուժող ճանաչել, որովհետև դա հնարավորություն կտա նրան ակտիվ դատական սուբյեկտ դառնալ, նա կկարողանա միջնորդություններ ներկայացնել դատարան, քրեական հետապնդումներ սկսել և արդյունքում բացահայտել մութ գործը և մեղավորներին պատժել», – պարզաբանել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչպես պարզ դարձավ դատական նիտսի ընթացքում` ՊԵԿ հարկային ծառայության քննչական վարչությունը, որ զբաղվում է գործով, տեղյակ չէր նույնիսկ, թե ով է դիմել դատարան` Խուդյանը, թե ՊԵԿ-ը:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Խուդյանի շահերը պաշտպանող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Խուդյանն է դիմել դատարան, գործը քննելու համար, այլ ոչ թե ՊԵԿ-ը, ինչը անտրամաբանական է, քանի որ այս դեպքում պետբնուջե մուտք չի կատարվել միլոնների հանսող դրամներ, իսկ ՊԵԿ-ի համար սովորական է դատարան դիմել նույնիսկ մի քանի տասնյակ հազար հարկերից խուսափելու համար:
Նիստի ավարտին դատավոր Եվա Դարբինյանը պահանջել է գործի քննությամբ զբաղվող ՊԵԿ-ից իրեն ներկայացնել ընկերության կանոնադրությունը, գործի քննության շրջանակներում անցկացված հարցումներ և այլ աշխատանքների հաշվետվությունը, ընկերության սնանկ ճանաչելու մասին փաստաթղթերը:
«Այդ շենքում մի քանի պաշտոնյաներ, մեծահարուսնտեր, այդ թվում` Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը (Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմաբան – խմբ.), շահեր ունեն, ուստի ես վստահ չեմ կարող ասել, ինչ որոշում կընդունի դատարանը»,- գործի մասին խոսելով` Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Էդմոնդ Խուդյանը:
Դատարանը իր որոշումը կհրապարակի փետրվարի 6-ին ժամը 15,00-ին: