Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:
Այսօր շարունակվեց գործով անցնող տուժող Վարուժան Գասպարյանի հարցաքննությունը: Տիգրան Առաքելյանը վերջինիս հարցրել է, թե երբ իրեն բերման է ենթարկել, արդյո՞ք որևէ արձանագրություն կազմվել է: Գասպարյանը պատասխանել է, որ չի կազմել, և հայտարարել է, որ երիտասարդներին բերման ենթարկելիս իրեն խանգարել են երիտասարդների ընկերները, այդ թվում` Սարգիս Գևորգյանի քույրը:
Սարգիս Գևորգյանը հարցրել է, թե արդյոք Գասպարյանը վստահ է, որ իր քույրն է եղել նրա թևից քաշողը, վերջինս վստահաբար ցույց է տվել դատարանում գտնվող Անի Գևորգյանին:
Հաջորդ տուժողը Տիգրան Ավետիսյանն էր, ով դատարանում հայտարարել է, որ բերման ենթարկվելուց հետո Տիգրան Առաքելյանը մեքենայի մեջ գլխով հարվածել է իրեն և կոտրել իր քիթը: Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Առաքելյանն ասել է, որ իրեն լավ չի զգում և ինքն ավելի թույլ է պահել վերջինիս ձեռքերը, որից հետո, իր խոսքով, Առաքելյանը հարվածել է իր քթին:
Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանի և Առաքելյանի այն հարցին, թե արդյոք Տիգրանը չէր կարող նույնն անել ձեռքերը մեջքի հետևում ծալած վիճակում, Ավետիսյանը պատասխանել է. «Ես կարամ քո ձեռքերը ընենց բռնեմ, որ դու չկարողանաս շարժվել»:
Վահե Գրիգորյանը խնդրել է դատավորին թույլ տալ ոստիկանին ցույց տալ` ինչպես է ոլորել Աառքելյանի թևերը. վերջինս դա ցույց տվեց Վահե Գրիգորյանի վրա, սակայն Գրիգորյանը խնդրեց, որ այդ հնարքը իր վրա փորձարկի նստած վիճակում, ինչպես եղել է մեքենայի մեջ, սակայն այս անգամ դատավորը մերժեց:
Ավետիսյանը նաև հերքել է Առաքելյանի այն պնդումը, թե մեքենայի մեջ իր կոկորդից բռնել է այնպես, որ ինքը շնչահեղձ է եղել:
Այնուհետև Սարգիս Գևորգյանն է Ավետիսյանին հարցրել, թե արդյոք բերման ենթարկող մեքենայի վարորդը իրեն չի ասել` «կխեղդվի, կմեռնի, կմնա մեր վրա«. տուժողը դարձյալ բացասական պատասխան է տվել:
Նշենք, որ ավելի վաղ նույն մեքենայով բերման ենթարկվող Վահագն Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ Ավետիսյանը մեքենայի մեջ խեղդում էր Առաքելյանին, որը շնչահեղձ էր լինում, և վարորդն անգամ կանգնեցրել էր մեքենան և Ավետիսյանին դիտողություն արել:
Այնուհետև հարցաքննվել են տուժողներ Գևորգ Մկրտչյանը և Շահեն Հարությունյանը: Վերջինիս հարցաքննությունը կիսատ է մնացել, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 31-ին, ժամը 12.00-ին: