Home / Հայաստան / Հայաստանում դեղի անվան տակ կավիճ չեն վաճառում, պնդում են նախարարությունում

Հայաստանում դեղի անվան տակ կավիճ չեն վաճառում, պնդում են նախարարությունում

Կավիճը դեղի անվան տակ վաճառելու մասին  տեղեկությունները որևէ կերպ չեն հաստատվել, քանի որ չկա սկզբնաղբյուրը: Դեղերի շուկայում ԱԱԽ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արված ուշագրավ բացահայտումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Ավելի վաղ ԱԱԽ-ն, ուսումնասիրություններ անցկացնելով դեղերի շուկայում, բացահայտումներ էր արել. մասնավորապես, որ դեղերի անվան տակ հաճախ վաճառվում է սովորական կավիճ:

«Կավիճը նշանակում է, որ դեղը կեղծված է, իսկ կեղծված լինելու եզրակացությունը պետք է լինի լաբորատոր փորձաքննությունից հետո, սակայն պետք է նշեմ, որ մեզ մինչ այժմ այս խնդրով ոչ ոք չի դիմել»,- ասել է Քրմոյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման խնդիր չկա, դեղերն արդյունավետ ու անվտանգ են», – հայտարարել է նա:

Քրմոյանի խոսքով` Հայաստանը միակն է ԱՊՀ շրջանակներում, որ իր սահմանին դեղի յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկում է լաբորատոր ստուգման:

«Դեղերի կեղծված լինելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ թե ներկրված, թե տեղական արտադրության բոլոր դեղերի անվտանգությունն այս պահին ապահովված է», – հայտարարել է Քրմոյանը:

Քրմոյանը հիշեցրել է, որ ցանկացած կասկածելի դեղամիջոցի հայտնաբերման դեպքում իրենք պատրաստ են ընդունել  քաղաքացիների դիմում-բողոքներն ու անհրաժեշտության դեպքում դրանք ենթարկել լաբորատոր փորձաքննության` իսկությունը պարզելու համար:

«Դեղերի կեղծման մեջ մեղադրվող ցանկացած անձի նկատմամբ օրենսդիրը խիստ քրեական պատասխանատվություն է սահմանել` առանց որևէ հետևանքի, այսինքն` հայտնաբերվել է կեղծ դեղամիջոցը, դրա շրջանառության մեջ մեղադրվող անձը արդեն  ենթարկվում է պատասխանատվության, անգամ, եթե գնորդը չի ընդունել տվյալ դեղամիջոցը», – եզրափակել է Քրմոյանը: