Բրիտանացի գիտնականները յուրօրինակ առաջարկով են հանդես եկել, որը վերաբերում է մարդկանց մտավոր գործունեությանը նպաստելուն և առաջադիմությունը բարձրացնելուն: Նրանք հայտարարել են, որ ուղեղի միջով անցկացված հոսանքի ոչ մեծ լիցքը դրական է ազդում ուսումնառության գործընթացի վրա: Այս մեթոդը հայտնի է բժիշկներին և օգտագործվում է ինսուլտի կամ ուղեղի վնասվածքով պայմանավորված մտավոր խանգարումների բուժման ժամանակ:
Օքսֆորդի համալսարանի փորձարարական հոգեբանության ամբիոնի փորձագետներն իրենց հետազոտության մեջ ներգրավել են բոլորովին առողջ մարդկանց: Նրանց գլխին հագցրել են էլեկտրոդներով հագեցած գլխարկներ, որոնք հոսանք են ուղարկում ուղեղի տարբեր հատվածներ: Փորձի մասնակիցներին մաթեմատիկական խնդիրներ են տվել լուծելու էլեկտրաշոկի ազդեցությունից առաջ և հետո:
Արդյունքները ցույց են տվել, որ ստացած լիցքից հետո մարդկանց մոտ ուղեղի աշխատանքն անմիջապես բարելավվում է մի քանի չափանիշներով: Որակապես փոխվում է առարկայի ընկալումը, ավելի արագ է տեղի ունենում խնդիրների լուծման գործընթացը, փորձի մասնակիցները շատ ավելի լավ են հասկանում խնդիրը և գտնում են ճիշտ պատասխանները: Ի դեպ, դրական ազդեցությունը կարող է ձգվել մինչև 12 ամիս: