Սլովենացի հայտնի մշակութաբան և փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը քամահրանքով խորհուրդ է տվել Թուրքիային ներողություն խնդրել «1915 թվականին տեղի ունեցած սարսափելի դեպքերի համար»` հավելելով, որ «դրանք իրագործելը ժամանակակից եվրոպական ազգային պետության կայացման մի մասն էր»:
«Ինչո՞ւ է Թուրքիայի համար սխալ ոչ միայն ներողություն խնդրելը, այլև մեղքը Եվրոպայի վրա բարդելը: Վայրենի ժամանակներ էին: Այդ նույն ժամանակահատվածում ի՞նչ էին անում արևմտյան պետություններն իրենց գաղութներում», – Hürriyet պարբերականի հետ զրույցում ասել է Ժիժեկը:
Նա նշել է, որ Թուրքիան կարող է ընդունել, որ «սարսափելի բան է տեղի ունեցել հայերի հետ», սակայն չպետք է առանձնացնի իրեն այլ երկրներից:
Ըստ Ժիժեկի` Եվրոպան իրավունք չունի այս հարցում պիտակավորել Թուրքիային որպես բացառություն, իսկ 1915 և 1916 թվականներին տեղի ունեցած հայերի սպանությունները, նույնը չեն, ինչ հրեաների Հոլոքոստը Երկրորդ Համաշխարհայինի տարիներին:
«Դրանք ավելի շատ չպլանավորված, քաոսային գործողություններ էին, քան հայերից մաքրվելու արդյունաբերական որոշում», – ասել է նա:
Ժիժեկը քննադատել է նաև վերջերս Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, քանի որ, ըստ նրա, դա քաղաքական սխալ է, որը ծառայում է ռասիզմի վերարտադրությանը:
«Անգամ Հոլոքոստի պարագայում հարցը խնդրահարույց է այս տեսանկյունից: Ոմանք անգամ փորձում էին վերահսկել թվերը: 5 միլիոն մարդ է զոհվել, բայց եթե դու ասես, որ 4,9 միլիոն հրեաներ են զոհվել, դու կդատապարտվես: Սա ինձ համար քաղաքական կոռեկտության մեծ ձախողում է», – ասել է Ժիժեկը: