Այս տարվա հունվարի 2-ին ու հունվարի 9-ին Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցում բռնկեցին զույգ հրդեհներ: Վրացական կողմը հավաստիացնում է, որ հրդեհները բռնկել են երեխաների վառած հրավառություններից:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանն այս փաստարկին չի հավատում: Սուրբ Նշան եկեղեցին մի անգամ էլ է հրդեհվել` 2002-ին: Հրդեհը մարել են ջրածիթի միջոցով: Կրակը, իհարկե, հանգել է, բայց ջուրն ունեցել է իր ավերիչ հետևանքները: Մի քանի շաբաթ անց արդեն եկեղեցու վրա ի հայտ են եկել ճաքեր, իսկ ավելի ուշ սվաղը թափվել է` իր հետ ոչնչացնելով նաև որմնանկաները:
Այս տարվա հրդեհները նույնպես վրացի փրկարարները մարել են ջրով: Սա արդեն խարխլված հիմքերի համար ուղղակի աղետ է, նշել է Կարապետյանը:
Դեռ 1998-ին նա հրատարակեց մի գիրք հայկական հուշարձանների և վրացական քաղաքականության մասին. «Եթե հիմա վերահրատարակելու լինեի այդ աշխատությունը, ապա այն շուրջ 4 անգամ ավելի էր լինելու: Հայկական հուշարձանները քայքայելու գործընթացը հովանավորվում է վրացական իշխանությունների կողմից, վրացիները շարունակում են հայկական բոլոր հուշարձանները համարել վրացական և հայերի կողմից յուրացված: Նույն հավակնություններն ունեն նաև Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցու հանդեպ: Բերում են փաստարկ, թե իբր հայկական եղեկեցին սուրբ Նիկողայոսի անունով չի կարող կոչվել»:
Կարապետյանը նշել է, որ պատմական Հայաստանի տարբեր հատվածներում կան եկեղեցիներ, որոնք սուրբ Նիկողայոսի անունով են կոչվում: Այդ սրբի պատկերները կան նաև Դադիվանքում:
Սուրբ Նշանը փրկելու համար, Կարապետյանի խոսքերով, նախ և առաջ պետք է վերականգնվի եղեկեցու փլված սյունը, իսկ սա առայժմ չի արվել. «Եվ առանձնապես չեն էլ շտապում դա անել: Վրացիները հիմա գործ անելու փոխարեն ակտիվորեն քննարկում են եկեղեցու պատկանելության հարցը: Հենց եկեղեցին փլուզվի, նրանք կհայտարարեն, որ այն հայկական էր»:
Լուսանկարները` armenianchurch.org-ից