Home / Հայաստան / Նախաձեռնությունը Երևանի իշխանություններից պահանջում է աչքակապությամբ չզբաղվել

Նախաձեռնությունը Երևանի իշխանություններից պահանջում է աչքակապությամբ չզբաղվել

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է  Երևանի քաղաքային իշխանութուններից անհապաղ դադարեցնել Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածքում՝ Մաշտոց-Կողբացի հատվածում կրպակների շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում:

Հիշեցնում ենք, որ Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի: Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները: Այս որոշմամբ ևս մեկ անգամ մասնավոր շահը վեր է դասվել հանրայինից: Փոխանակ արդեն իսկ խարխուլ վիճակում գտնվող այգին բարեկարգվի և ապամոնտաժվեն գոյոթյուն ունեցող շինությունները՝ այգու մի զգալի հատվածը ոչնչացվում է և վերածվում առևտրի գոտու:

Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում»: