2011 թվականի ընթացքում Հայաստանում մի քանի օրենսդրական փոփոխությունները են ընդունվել, որոնք ազդել են լրատվամիջոցների գործունեության մթնոլորտի վրա, ընդ որոմ` դրանցից ոչ բոլորն են դրական փոփոխությունների բերել: Այս մասին նշված է լրագրողների ազատության ապահովման մոնիտորինգով զբաղվող Խոսքի ազատության պաշտմանության կոմիտեի 2011 թվականի զեկույցում:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ռեգրեսիվ փոփոխություն է մայիսի 26-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, ինչի հետևանքով վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաև՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առևտրային գովազդի ծավալը՝ 10-ից հասցնելով 14 րոպեի:
Աշոտ Մելիքյանի խոսքով` այս փոփոխություններով միայն օրինականացվել է այն, ինչ կատարվում էր նախկինում:
2011թ. իրադարձություններից Մելիքյանը դրական առումով առանձնացրել է Սահմանադրական դատարանի որոշմանը` ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումի վերաբերյալ, որով դատարանը հակասահմանադրական չի համարել Քաղաքացիական օրենսգրքի «զրպարության» և «վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացման մասին որոշումը:
Ըստ Մելիքյանի` Սահմանադրականի որոշումը կարող է ուղեցույց լինել դատարանների համար, թե ինչպես վերջիններս պետք է քննեն զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածով հայցերը: Նման դեպքերում, ըստ Սահմանադրական դատարանի, պետք է ուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը և նվազեցվեն որպես պատժամիջոց կիրառվող գումարների չափերը:
Մելիքյանը դրական փոփոխություն է գնահատել նաև այն, որ փաստաբանների պալատը փաստաբանական ծախսերի գնահատման մասին որոշում է ընդունել:
«Եթե նախկինում դատի էին տալիս` պահանջում 3 միլիոն էլ փաստաբանական ծախսերի համար, ապա այժմ պալատն այդ ծախսերը սահմանել է 200-300 հազար դրամ», – ասել է Աշոտ Մելիքյանը:
Ամփոփելով փոփոխությունները` բանախոսը հույս է հայտնել, որ ոլորտում առկա անառողջ մթնոլորտը 2012 թավականին կփոխվի դրական առումով:
Մելիքյանի կարծիքով` դրա համար պետք է միավորվեն բոլոր ԶԼՄ-ները` անկախ իրենց ունեցած տարաձայնությունների, քանի որ 2012 թվականն ընտրական տարի է, և ճնշումները ԶԼՄ-ների հանդեպ ավելանալու են: