«Հայկական ժամանակ» թերթի թողարկող խմբագիր Հայկ Գևորգյանի գործը կարված է սպիտակ թելերով, այսօր գրում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Երբ ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրությունների մեջ գրում է` «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսինչ քաղաքացին չի հայտնաբերվել», ես դա պատկերացնում եմ մոտավորապես այսպես. ոստիկանության մի դասակ դարանակալվում է փնտրվողի տան մոտ և սպասում է, թե երբ է նա երևալու այդ տարածքում: Միաժամանակ երկու խորաթափանց դետեկտիվներ, ցանկալի է` մեկը սպիտակամորթ, մյուսը` սևամորթ, զգուշորեն պրպտում են տարբեր սրճարաններում և ժամանցի այլ վայրերում, թե` վերջին անգամ երբ եք դուք տեսել այդ անձնավորությանը: Եվ այլն: Հետո այդ բոլոր խմբերը գալիս են իրենց պետի մոտ և զեկուցում են` «օբյեկտին հայտնաբերել չի հաջողվել»: Եթե մարդը (ընդ որում` ոչ ցածրահասակ) ամեն օր գնում է աշխատանքի ու վերադառնում տուն, ապա նախ` պարզ չէ օպերատիվ-հետախուզական աշխատանքների իմաստը, երկրորդ` հասկանալի չէ, թե ինչու այդ աշխատանքները չէին պսակվել հաջողությամբ», – գրում է Արամ Աբրահամյանը:
«Ոստիկանությունը գրում է. «Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 3-ին Հայկ Գևորգյանը հայտնաբերվել, կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ»: Այսինքն` մեկ շաբաթից ավելի` հունվարի 23-ից մինչև փետրվարի 3-ը, ոտիկանությունը «փնտրում էր» «հետախուզման մեջ գտնվող» Հայկ Գևորգյանին և չէր գտնում` չնայած լրագրողը շարունակում էր աշխատել սովորական ռեժիմով:
Մեկ այլ դրվագ ոստիկանության հաղորդագրությունից: Ըստ «տուժող» Ֆրանգուլյանի` իրեն վրաերթի ենթարկած վարորդը (այսինքն` Հայկ Գևորգյանը) «կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն («տուժող» Ֆրանգուլյանին), ապա նստել մեքենան ու իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի»: Մի կողմ թողնելով այն, որ Հայկը, իմ կարծիքով, ընդունակ չէ անօգնական թողնել նեղության մեջ գտնվող որևէ մարդու, դիմենք տրամաբանությանը: Ասացեք խնդրեմ, որտե՞ղ եք դուք տեսել, որ վրաերթ կատարած վարորդը, որը պատրաստվում է դեպքի վայրից փախուստի դիմել, դրանից առաջ կանգնեցնի մեքենան և բացահայտելով իր անձը` զրույցի բռնվի տուժածի հետ», – գրում է «Առավոտի» խմբագիրը: