Հայաստանի ամենամեծ հիմնախնդիրներն են տնտեսության խայտառակ վիճակը, արտագաղթը և դատական համակարգի ոչ անկախ լինելը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Հայաստանը հիմնականում լքում են երկու պատճառով` աշխատատեղերի և արդարության բացակայության պատճառով: Արտագաղթը Հայաստանի համար համեմատում եմ ներքին արյունահոսության հետ», – ասել է Քոքոբելյանը:
Այս խնդիրները լուծելու համար բանախոսը հավանական է համարել համագործակցությունն այլ քաղաքական ուժերի հետ: Սակայն գաղափարական տարբեր հարթություններում գտնվող ուժերի, օրինակ, ՀՅԴ-ի հետ դաշինք ստեղծելը «Ազատ դեմոկրատների» համար անհնար է, ասել է Քոքոբելյանը, քանի որ դա կլինի «արհեստական», հետևաբար երկար կյանք չի ունենա:
Քոքոբելյանը նշել է, սակայն, որ հնարավոր է համարում առաջիկա ընտրություններին մասնակցելը «Ժառանգության» հետ միասին:
«Ես ունեցել եմ հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք շատ գաղափարական ընդհանրություններ ունենք «Ժառանգության» հետ: Կարծում եմ, որ հասարակական պահանջ կա, որպեսզի «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միասին մասնակցեն ընտրություններին», – ասել է Խաչատուր Քոքոբելյանը: