ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն ինքը հակասահմանադրական չի համարում: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է այսօր Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողի հարցին:
Նա նշել է, որ Կառավարությունն օրենքի վրա բավական երկար ժամանակ աշխատել է միջազգային փորձագետների հետ:
«Այսօր արդարադատության նախարարը ներկայացրեց, թե ինչ քննարկումներ են եղել, ինչպիսի դիտողություններ, առաջարկություններ են եղել, որպեսզի օրենքը շտկվի, ինչպես նաև հաշվի առնվի նախորդ տարիների ձեռք բերված փորձը: Ցանկալի է, որ մինչև ընտրություններ շտկվի օրենքը և հաշվի առնվեն նաև այն հարցերը, որոնք մտահոգել են մեր հանրությանը, մեր մասնագետներին: Եվ եթե ակնհայտ էր, որ կան թերություններ, որոնց վրա մատնանշում էին ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ միջազգային փորձագետները, ցանկալի է մինչև ընտրություններ շտկել այդ թերությունները, որպեսզի ավելի վստահ, ավելի լավ օրենքով անցկացնենք լավ ընտրություններ», – ասել է վարչապետը:
Համաձայն օրենքի նախագծի, արտակարգ դրությունների ժամանակ Զինված ուժերը կարող են միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ծագած խնդիրները հնարավոր չէ ապահովել Ոստիկանության և Ազգային անվտանգության մարմինների միջոցով:
Լուսանկարը` yerkirmedia.am