Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացված ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ ինքը ՕԵԿ-ից հեռացել է դեռևս 2009 թվականի մայիսին` Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ, սակայն մեկ տարի անց կուսակցությունից իրեն համոզել են, որպեսզի նա ստանձնի պատգամավորական մանդատը: Այս մասին «Երկիր» օրաթերթի հետ զրույցում ասել է Գագիկ Բաղդասարյանը:
Նա մեկնաբանել է «անպարկեշտ պահվածք» արտահայտությունը, որի համար, ըստ ՕԵԿ-ի, իրեն հեռացրել են կուսակցությունից:
«Գիտեք, որքան էլ ինձ ցեխ կպցնեն, միևնույն է, չի կպչի: Գիտե՞ք` իմ անպարկեշտ պահվածքը որն է, որ ընդամենը ես ձեռնպահ քվեարկեցի և մի երկու նախագծի էլ, որոնց համաձայն չէի, դեմ քվեարկեցի: Դա է իմ անպարկեշտ պահվածքը, պատկերացնո՞ւմ եք: Նույն Բիշարյանին (Հեղինե Բիշարյանը ՕԵԿ խմբակցության ղեկավարն է – խմբ.) էլ եմ ասել` Բիշարյան վերցրու և ընթերցի, որ պատգամավորը քվեարկում է իր համոզմունքների եւ խղճի մտոք: Բիշարյանն ով ա, որ ինձ եկել ուղղորդում ա, թե ես որ կոճակը ոնց սեղմեմ: Էդ իրան ՀՀԿ-ից կարան ուղղորդեն, թե ինչը ոնց անի, բայց ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել», – հայտարարել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովում քվորում չլինելու պատճառով չի անցել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքը: Մասնավորապես, օրենքին կողմ չեն քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, ինչպես նաև Գագիկ Բաղդասարյանը:
Լրագրողը խնդրել է պարզաբանել Բաղդասարյանին` արդյոք ինքն է հեռանում կուսակցությունից, թե իրեն, այնուամենայնիվ հեռացրել են:
«Ես ասացի, որ հայտարարությունների ժամին հայտարարելու եմ, որ պատգամավորի իմ լիազորությունները վայր եմ դնում, բայց երկու ժամ առաջ (զրույցը կայացել է երեկ օրվա երկրորդ կեսին) ինձ զանգահարում և ասում են, որ տեղյակ ես` ՕԵԿ-ը քեզ հեռացրել է: Երեկ 13:00-ին ինձ զանգահարել է ՕԵԿ-ի բարձրաստիճան ղեկավարը (հեռախոսի մեջ ցույց է տալիս չպատասխանած զանգը), այդ ո՞նց եղավ, որ երեկ ինձ «անպարկեշտ պահվածքի համար» հեռացնում են: Նրա հետ խոսելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ինչ պետք է խոսեի, ես իմ որոշումը վաղուց էի կայացրել և չեմ էլ փոշմանել, ավելին` նենց թեթևացած եմ ինձ զգում: Դեռ մի քանի ամիս առաջ պետք է անեի այս քայլը: Արթուր Բաղդասարյանի (ՕԵԿ-ի ղեկավար – խմբ.) հետ խոսելու թեմա չկա:
Գիտեք, օրինակ, ես Ձեզ հետ խոսում եմ մեքենայի շարժիչից, և Դուք դրա մասին պատկերացում չունեք, ինձ կբացատրեք, ո՞րն է այդ խոսակցության իմաստը: Ես քեզ որ ասեմ մեքենայի շարժիչից նման ձայն է գալիս, չե՞ս ասի` ես ուր, մեքենայի շարժիչն ուր: Ինձ ասում են, որ կուսակցությունից հեռացնում են անպարկեշտ պահվածքի համար, ես ինչպե՞ս կարող եմ այդ նախադասությունը գրող անպարկեշտ մարդու հետ պարկեշտությունից խոսել, ինչի մասին է խոսքը», – ասել է Բաղդասարյանը:
Պատգամավորն ասել է, որ իր հարաբերություններն ՕԵԿ-ի հետ սկսած 2008 թվականի նախագահական ընտրություններից երբեք իդեալական չեն եղել:
«ՕԵԿ-ը հեռացել է օրինաց երկրի գաղափարախոսությունից: Ես «օրինաց երկիր» իրական գաղափարախոսության կրողն եմ, բայց ոչ ՕԵԿ անդամ: ՕԵԿ-ը հեռացել է օրինաց երկրից էլ, ամեն ինչից էլ. ՕԵԿ չկա, ՕԵԿ-ը դարձել է Հանրապետական», – ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ չի բացառում, որ կարող է այլ խմբակցության անդամ դառնալ: