Դելիի ոստիկանության փոխանցմամբ` հնդկաստանյան մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան մեքենա է պայթել, որի հետևանքով մեկ դիվանագետ է վիրավորվել: Միաժամանակ նմանատիպ ահաբեկչական գործողության փորձ է իրականացվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում`կրկին Իսրայելի դեսպանատան առջև, հայտնում է Reuters գործակալությունը:
Թբիլիսիում պայթյունը հնարավոր է եղել կանխել, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցը դեսպանատան մոտ կայանած մեքենայում պայթուցիկ է հայտնաբերել: Դեսպանատան աշխատակիցը ոստիկանություն է կանչել, որն էլ չեզոքացրել է ռումբը:
Նախորդ տարի միևնույն ժամանակահատվածում` լիբանանյան «Հըզբոլա» կազմակերպության առաջնորդներից մեկի` Իմադ Մուղնիեի մահվան տարելիցի օրը ողջ աշխարհով մեկ իսրայելական դեսպանատները ահաբեկչական սպառնալիքներ էին ստացել, սակայն կազմակերպությանը միայն այս տարի է հաջողվել իրենց մտահղացումը կյանքի կոչել: Իհարկե այս կասկածները դեռևս հաստատված չեն:
Հիշեցնենք, որ Իմադ Մուղնիեն սպանվել է 2008 թվականին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: «Հըզբոլան» տեղի ունեցածի համար մեղադրում է Իսրայելին: