Այսօր մի խումբ լոռեցիներ նախագահական նստավայր են գնացել` հայտնելու Սերժ Սարգսյանին իրենց բողոքը դատարանների անաչառության կապակցությամբ:
Բողոքի պատճառն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է դատավոր Արման Թովմասյանի և նրա չորս կարգադրիչների դեմ քրեական գործ հարուցել:
Հիշեցնենք, որ գործը վերաբերվում է քաղաքացի Սամվել Հարությունյանի հայցին: Հարությունյանը պնդում է, որ դատավոր Արման Թովմասյանի և նրա չորս կարգադրիչները դաժան ծեծի են ենթարկել իր որդուն` Աշոտ Հարությունյանին:
Միջադեպը, ըստ Սամվել Հարությունյանի, սկսվել է այն պատճառով, որ խանութի վաճառողուհին իրեն ավելի շուտ է սպասարկել, քան դատավորին: Հաջորդ օրը դատավորը և կարգադրիչները մեղադրանք են առաջ քաշել Աշոտի դեմ` ասելով, թե վերջինս է ծեծի ենթարկել իրենց, ինչը հայցվոր կողմը որակում է որպես սուտ մատնություն:
«Բարձրաստիճան պաշտոնյան և իր ենթակաները ծեծել են քաղաքացուն և ապա կեղծ ապացույցներ հորինել ու կեղծ մատնություն արել: Դատարանները հրաժարվում են քննել գործը: Տպավորություն է ստեղծվում, թե դատարանները պարտակում են հանցագործին»,- այսպիսի տեքստով նամակ են այսօր Սամվել Հարությունյանին սատարող քաղաքացիները հանձնել նախագահի աշխատակազմ:
Նախագահականում ակցիայից հետո քաղաքացիներն իրենց ակցիան շարունակել են Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ ընթանում էր գործով դատի քննությունը:
Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այս անգամ ևս դատախազ Հարություն Հարությունյանն առաջ է քաշել երկու առարկություն. ըստ նրա` գործը պետք է քննի ոչ թե Վերաքննիչ դատարանը, այլ Լոռու մարզի` առաջին ատյանի դատարանը:
«Երկրորդ. ըստ դատախազի` հայցվորի իրավունքները չպետք է քննվեն գործի շրջանակներում: Ես առաջին անգամ եմ տեսնում օրենքի նման մեկնաբանություն: Նման բան չեմ հիշում դատական պրակտիկայում: Դա հիմարութուն է` գեղեցիկ շարադրված»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Հարությունյանի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Այս գործով որոշումը դատավոր Եվա Դարբինյանը հրապարակելու է վաղը` 11:30-ին: