Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գինը շատ մեծ է: Ընտրությունները առհասարակ միշտ էլ փորձություն են Հայաստանի համար, եթե ոչ փորձանք: Այս մասին այսօր կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարել է քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ասոցիացիայի կողմից անցկացվող լսումների ընթացքում քննարկվում են ԱԺ գալիք ընտրություններում հանրային վերահսկողություն ապահովելու հարցը:
«Եթե այս ընտրություններն էապես տարբերվեն նախորդներից, ապա դա Հայաստանի առջև կարող է լուրջ հեռանկարներ բացել: Այն ծավալի օգնությունը, որ ԵՄ-ն խոստանում է մեր երկրին արդար ընտրություններ անցկացնելու դեպքում, թույլ է տալիս մտածել, որ մենք շանս ունենք դառնալու եվրոպական քաղաքակրթության ֆորպոստը մեր տարածաշրջանում, եթե նորմալ ընտրություններ անցկացնենք»,- կարծիք է հայտնել Հմայակ Հովհաննիսյանը:
Դիմելով լսումների հյուր, ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին` նա հորդորել է վերջինիս ավելի քիչ ձայներ ունենալ Ազգային ժողովում:
«2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ուներ բացարձակ մեծամասնություն, և քաղաքական անհարաժեշտություն չկար կոալիցիա ստեղծելու: Պարզ է, որ այդ արհեստածին կառույցը խնդիրներ էր ունենալու հետագայում: Հուսով ենք, այս անգամ ՀՀԿ-ն պետք է այնքան մեծ ձայներ չտանի, որ հետո ստիպված լինի այլ կուսակցություների հետ պատասխանատվությունը կիսելու համար կոալիցիա ստեղծել», – ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Գալուստ Սահակյանն այս դիտարկմանը հակադարձել է` ասելով, որ ժողովուրդը պետք է որոշի` ինչքան պատասխանատվություն տալ ՀՀԿ-ին:
«Հորդորում եմ բոլոր ուժերին հակադրությունների մեխանիզմ չօգտագործել, այն է` հարվածելով այլ ուժերի` իրենց սրբացնեն, այլ ժողովրդին ներկայացնել իրենց ծրագիրը, ինչպես դա անում է ՀՀԿ-ն», – ասել է Գալուստ Սահակյանը:
Այն, որ խորհրդարանական ընտրությունները լավ են անցնելու, Սահակյանը չի կասկածում:
«ՀՀԿ անդամները և ինքը` նախագահը, նոր որակով ընտրությունների մասին հավաստիացումներ են շռայլում, սակայն ընդունում են Արտակարգ ռեժիմի մասին օրենք` հանրային վերահսկողություն մասին օրենք ընդունելու փոխարեն», – պատգամավորին հակադարձել է Հմայակ Հովհաննիսյանը: