Ամերիկյան փոփ աստղ, միլիոնավոր երկրպագուների կուռք Ուիթնի Հյուսթոնը, ում դիակը հայտնաբերվել էր փետրվարի 12-ին «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի համարում, կարող էր մահանալ Քսանաքս դեղամիջոցը և ալկոհոլը խառնելու հետևանքով, հաղորդում է TMZ` հղում կատարելով երգչուհու ընտանիքի անդամներին:
Դիահերձողները հայտնել են Հյուսթոնի ընտանիքին, որ նրա թոքերում հավաքված ջուրը բավական չէ փաստելու համար, որ նա խեղդվել է լոգարանում և որ նա պետք է որ մահացած լիներ մինչև ջրի մեջ ընկղմվելը:
Միաժամանակ մեկ այլ պարբերական` The Sun-ը, գրում է, որ երգչուհին մահացել է 48 ժամ տևած խնջույքից հետո: Միջոցառման ընթացքում նա մեծ քանակությամբ ալկոհոլ է ընդունել, իսկ ավելի ուշ վիճաբանություն է սկսել մի կնոջ հետ:
Ականատեսների խոսքով` փետրվարի 10-ի գիշերը երգչուհին դուրս է եկել True Hollywood գիշերային ակումբից, որտեղ և անցկացվում էր խնջույքը: Երգչուհին կապտուկներ է ունեցել, իսկ ոտքից արյուն էր հոսել:
Ակումբում ներկա եղած մարդկանց խոսքով` այդ երեկո Հյուսթոնը խիստ զայրացել է, երբ նկատել է, որ իր սիրեցյալ, 31-ամյա Ռեյ Ջեյը զրուցում է «Իքս ֆակտոր» տաղանդների մրցույթի նախկին մասնակից Սթեյսի Ֆրենսիսի հետ: Երգչուհին, իբրև, մոտեցել է աղջկան և բղավել. «Սա իմ տղամարդն է: Հեռու մնա իմ տղամարդուց»: Ջեյն ու Ֆրենսիսը փորձել են հանգստացնել նրան` ասելով, որ պարզապես ընկերներ են: Այդուհանդերձ, երգչուհին շարունակել է բղավել և հրել է Ֆրենսիսին: Ականատեսների խոսքով` այդ երեկո նա վատ ելույթ է ունեցել: Իսկ այնուհետև լքել է ակումբը:
Նշենք, որ երգչուհու մահվան վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնք կհաստատվեն միայն 6 շաբաթ անձ` դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունից հետո: