Երկուշաբթի Բրյուսելում նիստ է գումարել Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը, որը ընդունել է Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթուղթ, տեղեկացնում է azatutyun.am կայքը։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից զատ, 27 երկրների արտգործնախարարները «շատ արդյունավետ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը»։
Ինչպես և ենթադրվում էր, Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» անվամբ նախագծին։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, նշված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող հատվածում Եվրամիությունը ընդգծում է այս տարվա մայիսի խորհրդարանական և հաջորդ տարվա նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան անցկացնելու կարևորությունը։
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևելու է դրան։
Եվրամիությունը Հայաստանին հորդորում է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, մասնավորապես, ապահովել դատական համակարգի անկախությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը, ազատ մամուլի զարգացումը, երաշխավորել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները։
Եվրամիությունը հորդորում է Հայաստանին շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ, համոզված լինելով, որ իրական առաջխաղացումն այս հարցում տնտեսական աճի և զարգացման հիմքն է։
Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» փաստաթղթում Եվրամիությունը անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին` հայտնելով իր մտահոգությունը հայ – ադրբեջանական բանակցություններում իրական առաջխաղացման բացակայության կապակցությամբ։
Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, ինչպես նաև եռակողմ հանդիպումների նախաձեռնությամբ հանդես եկող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական առաքելությանը։
Եվրամիությունը իր աջակցությունն է հայտնում Մադրիդյան սկզբունքներին և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անում ակտիվացնել ջանքերը այդ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր համաձայնեցնելու համար։
Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել և այդպես նպաստել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաքելությանը։ Այդ նպատակով Եվրամիությունը ցանկանում է, մասնավորապես, իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։