«Հաղթանակ» զբոսայգու հարակից ժայռաբեկորների վրա, «Նոյան Տապան» համալիրի կառուցելու մասին Հանրային խորհդրի որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում և բլոգոսֆերայում:
Հիշեցնենք, որ «Նոյան տապան» կառուցելու գաղափարը պատկանում է ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին ու գործարար, «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանին:
Shur davabog-ն իր բլոգում (dabavog.livejournal.com) «Մարազմի շրջան. տարիքի անհերքելի ապացույց» գրառումով անդրադառնալով «Նոյան տապանի» ծրագրին` խիստ քննադատության է ենթարկել այն` համոզմունք հայտնելով, որ «Նոյան տապանը» «Հաղթանակի» այգում կփչացնի քաղաքի ճարտարապետական դեմքը, որն առանց այն էլ բազմիցս աղավաղվել է:
«Մեծ հաշվով, մարդիկ եթե սեփական ավելորդ փողն են դնում, ինչ խելքներին գա կարող են կառուցել, միայն թե ես պահանջում եմ, որ էդ բանը թույլ չտան կառուցել այնպիսի տեղում, որ դա դառնա Երևանի համայնապատկերի մասը: Խայտառակ մի արեք ձեզ, տարեք ձեր բակերում սարքեք… Մենք երազել ենք տիեզերագնաց դառնալ, մեզ դա են ցույց տվել ու սովորեցրել: Իսկ հիմա՝ տապա՞ն: Արա~, ի՞նչ տապան… Լավ, գոնե նայեք հարևանները ինչ են կառուցում, ու ձեր քրչոտ տապանին: Ինդուստրիալ շրջանից մեզ զոռով, քարշտալով գցում եք արխայիկ նախապապական շրջան, էն էլ սենց ռաբիս, ծաղրանքի արժանի ձևով», – գրում է Shur davabog-ը:
«Մառազմը զբաղեցրեց իրեն ի սկզբանե հատկացված տեղը 21-րդ դարի հայոց կյանքում», – մեկնաբանության մեջ գրում է epistolane բլոգերը (epistolane.livejournal.com):
«Նոյան Տապանի» շուրջ քննարակումներ են ծավալվել նաև մեկ այլ բլոգեր art_yeg-ի (art-yeg.livejournal.com) բլոգում: Նա ավելնորդ է համարել որևէ կարծիք հայտնել, տեղադրել է միայն ապագա «Նոյան տապանի» լուսանկարները:
Նկարների մեկնաբանություններում բլոգերը գրում է. «Հա էլի, թե չէ ելնելով ծրագիրը նախաձեռնողի խոսքերից (հիշեցնենք, որ Հաղթանակ զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը հայտարարել էր, թե ավելի նախընտրելի կլիներ Տապանը կառուցել Արարատի վրա, սակայն մոտակա 100 տարիներին այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է) Վարդան Պետրոսյանի էն հումորը, որը հենց մեզ տան Արարատը վրեն ռեստորան կկառուցենք՝ էդքան էլ գրոտեսկ չի»:
Yozhezavrik բլոգերը (yozhezavrik.livejournal.com) նկարների տակ տեղադրված մեկնաբանություններում, իր հերթին, նշում է.
«Ես լրիվ վստահ եմ, մարդիկ պռոստո հեռատես են, ու հիմիկվանից պետական փողերով 2012-ի վերջին են պատրաստվում… մարդ ես»:
art_yeg-ն առաջարկում է, թե ինչպես կարելի է գովազդել «Նոյան տապանը»` «Մոթել «Նոյի մոտ». բիբլիական հաճույք»:
Հարցի առնչությամբ Epress.am-ը զրուցել է Shur davabog բլոգերի` ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ` հետաքրքրվելով, թե արդյոք «Նոյան տապանի» կառուցումը կանխելու համար դժգոհողները որևէ գործողություն են իրականացվելու:
Կարապետյանը պատասխանել է, որ դեռ ոչինչ հայտնի չէ, քանի որ որոշումն էլ ընդունվել է շատ անհասկանալի ընթացակարգով:
Ըստ նրա` անտրամաբանական է, որ քաղաքի ողջ պանորամայի վրա ազդեցություն ունեցող շինության կառուցելու մասին որոշում է ընդունում Հանրային խորհուրդը, քանի որ նման հարցերը պետք է Քաղաքաշինության վարչությունը քննարկի:
«Թուրքիայում ամբողջ քրդական համայնքում բազում նոյան տապաններ են կառուցել: Արդյո՞ք մենք էդ մակարդակին ենք հասել: «Նոյան Տապա՞նը» պետք է լինի մեր քաղաքի սիմվոլը»,- ասել է Արսեն Կարապետյանը: