Սիրիայի Հոմս քաղաքում 47 կանանց և երեխաների մարմիններ են հայտնաբերվել: Տեղի իրավապաշտպանների խոսքով` շրջափակման մեջ վերցված քաղաքի բնակիչները զոհվել են նախօրեին տեղի ունեցած «սպանդի» ընթացքում, հայտնում է РБК-ն:
Մահացածների թվում կան 26 երեխաներ և 21 կանայք: Մեծ մասի մոտ դանակից ստացված վնասվածքներ և բութ առարկաներով հասցված հարվածների հետքեր կան: Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը արդեն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ անցկացնել Հոմսի իրավիճակը քննարկելու համար:
Միաժամանակ, Սիրիայի ազգային հեռուստաալիքը տեղի ունեցածի համար մեղավոր է ճանաչում ահաբեկչական խմբավորումներին, որոնք «առևանգում և սպանում են քաղաքի բնակիչներին, որպեսզի հեղինակազրկեն պետական զորքերին»:
Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում զինված բախումները հակակառավարական ուժերի և ընդդիմության միջև: Սիրիական ընդդիմությունը հայտարարում է 7,5 հազար զոհերի մասին, միաժամանակ պաշտոնական Դամասկոսը հաղորդում է «զինված ահաբեկիչների» ձեռքով սպանված երկու հազար ոստիկանների և զինվորականների մասին: