հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԿԸՀ-ն չեղյալ համարեց լրագրողների հավատարմագրման սահմանափակումները

ԿԸՀ-ն չեղյալ համարեց լրագրողների հավատարմագրման սահմանափակումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում 2012 թվականի հունվարի 31-ի իր որոշման մեջ փոփոխություն է մտցրել` չեղյալ համարելով   լրագրողներին ԿԸՀ-ում հավատարմագրելու կարգի 11–րդ կետի  2-րդ և 3-րդ ենթակետերը:

2-րդ կետում նշված էր, որ եթե լրագորղը տարածել է ընտրական հանձնաժողովների կամ պաշտոնատար անձանց մասին որևէ տեղեկություն, որը չի համապատասխանել իրականությանը և դա հաստատվել է  դատարանում, ապա այդ լրագրողները չեն   կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:

3-րդ կետի համաձայն, այն լրագրողները, որոնք դատապարված են եղել կամ նրանց դատվածությունը մարված չի եղել, նույնպես չեն կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:

Չնայած նման որոշում է կայացվել, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ  այդ որոշման հետ կապված եղել են անընկալելի շահարկումներ: Նրա խոսքով կետերի առնչությամբ մտահոգությունը բացառապես արհեստածին է: Նշենք, որ կետերը դժգոհություններ էին առաջացրել խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մոտ:

ԿԸՀ նիստին ներկա է եղել «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունն է  հայտնել այսօր կայացրած որոշմամբ:

«Լրագրողական  կազմակերպություները մեկ շաբաթ առաջ հայտարարությամբ հանդես եկան և իրենց մտահոգությունը արտահայտեցին այդ կապակցությամբ: Այնտեղ խոսքը գնում էր նրա մասին, որ մի քանի դրույթները կարող են որոշ խոչընդոտներ առաջացնել լրագրողների աշխատանքում և հենց  այդ մտահագությունները հիմնավորվում էին մեր այսօրվա պրակտիկայով: Մենք շատ լավ գիտենք, որ պետական ատյանների մասին որևէ քննադատություն կարող է սվիններով ընդունվել և կարող է ընկալվել որպես վիրավորանք և զրպարտություն: Որպես կանոն դատարանները բավարարում են այդ հայցերն ի օգուտ պետական  ատյաների` ընդդեմ լրագրողի կամ լրատվամիջոցի: Ստացվում է, որ նման պարագայում լրագրողը կամ լրատվամիջոցը չէր կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում: Որոշ մեկնաբանություններ, որոնք արվում է Մուկուչյանի կողմից, իհարկե, վիճելի են,  բայց դա քննարկման խնդիր է, իսկ ինչ վերաբերվում է բուն էությանը` ես պետք է իմ գոհունակությունը հայտնեմ», – ասել է Աշոտ Մելիքյանը:

Նա նաև նշել է, որ լավ կլիներ, եթե այդ մասի 1-ին կետն էլ չեղյալ հայտարարվեր, որտեղ նշված է, որ եթե լրագրողը անգործունակ է կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով, ապա ևս չի կարող հավատարմագրվել ԿԸՀ-ում:

«Մենք կարծում ենք, որ լրատվամիջոցն ինքն է որոշում, թե ում ուղարկի ԿԸՀ և եթե այդ լրագրողը սահմանափակ գործունակ է, բայց կարողանում է աշխատել և դա բավարարում է խմբագրությանը և գլխավոր խմբագրին, ապա այստեղ սահմանփակում չարժի մտցնել: Բայց այս դրույթի պահպանումը չարյաց փոքրագույնն է: Սա նույնպես կարելի է քննարկել, եթե իրենք ցանկություն ունեենան, բայց դա այնքան վտանգավոր չէ, որքան 2-րդ և 3-րդ կետերը, որոնք ԿԸՀ-ն չեղյալ համարեց», – ասել է Աշոտ Մելիքյանը: