Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Ստամբուլ քաղաքի կենտրոնում գտնվող Սանսարյան առևտրի կենտրոնը վերադարձնելու նպատակով Թուրքիայի հիմնադրամների տնօրինության դեմ դատական գործընթաց սկսելուց հետո որոշել է իրավական ճանապարհով հետ բերել նաև ողջ երկրի տարածքում Սանսարյան հիմնադրամին պատկանող բոլոր սեփականությունները:
Պատրիարքարանը դատարանի միջոցով կփորձի վերադարձնել պատմական արևելյան Էրզրում նահանգում գտնվող Սանսարյան դպրոցը, որը 1919 թվականին Էրզրումի համաժողովի վայր էր դարձել` ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդարանի համար:
«Սանսարյան հիմնադրամը նվիրաբերվել է պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից 1800-ականներին: Սանսարյան հիմնադրամի կառավարման իրավունքը օրենքով պատկանում է պատրիարքարանին»,- Huuriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է դատարանում հայկական պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն:
Մարտի 14-ին ներկայացված դատական հայցով պատրիարքարանը նաև պահանջում է վերադարձնել Կենտրոնական Անատոլիայի Շիվաս գավառում գտնվող այլ սեփականություններ, որոնք նախկինում Սանսարյան հիմնադրամին են պատկանել:
«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն պատմական շենքերով: Մենք նաև փոխհատուցում կպահանջենք 1936 թվականից հետո պատրիարքարանին պատճառված բոլոր նյութական կորուստների համար»,-ասել է Էլբեյօղլուն:
Կառավարության կարգադրությամբ, Թուրքիայի ազգային փոքրամասնությունները 1936 թվականին կառավարությանն էին ներկայացրել իրենց սեփականության մանրամասն նկարագրերը: Տարիներ շարունակ, սակայն, այս սեփականությունների մեծ մասը չեն գրանցվել ազգային փոքրամասնությունների հիմնադրամների անուններով, իսկ որոշներն էլ անգամ վաճառվել են երրորդ կողմի:
Ըստ Էլբեյօղլուի` Թուրքիայի հիմնադրամների տնօրինության բռնագրավել է Սանսարյան հիմնադրամը` վկայակոչելով 1936 թվականի հռչակագիրը:
Թուրքիայի հայկական պատրիարքարանը ավելի վաղ դատական գործ էր սկսել Թուրքիայի հիմնադրամների տնօրինության դեմ` պահանջելով վերադարնել Ստամբուլի Սանսարյան առևտրի կենտրոնը: Այդուհանդերձ, Թուրքիայի հիմնադրամների տնօրինության ղեկավարը հայտարարել է, որ այն չի վերադարձվի ի հեճուկս Ստամբուլի դատարանի վճռի, ըստ որի ժամանակավորապես արգելվել է դրա վերակառուցումը:
«Սա հակասում է բոլոր միջազգային նորմերին, այդ թվում Լոզանի պայմանագրին»,-ասել է փաստաբանը:
Հայ համայնքը ներկայումս ընդամենը 3 փոքր հիմնադրամներ ունի ողջ Անատոլիայում; Եթե պատրիարքարանը հաղթի դատական գործը, առաջին անգամ պատմության մեջ Թուրքիայի հայ համայնքին կվերադարձվի Անատոլիայում գտնվող հիմնադրամի ղեկավարությունը:
«Եթե հայ համայնքը տարբեր պատճառներով տարակուսանքների մեջ չլիներ, կարող էր դատական գործ սկսել հենց 1936-ին, քանի որ դա իրավաբանորեն իրենց է պատկանում: 1936 թվականին դատական գործ էր բացվել, և փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սանսարյանը հիմնադրամը պաշտոնապես պատրիարքարանին է պատկանում»,-ասել է Էլբեյօղլուն:
Սանսարյան հիմնադրամը ստեղծվել է ռուսաստանահայ բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Սանսարյան առևտրի կենտրոնը տարիներ շարունակ օգտագործվել է ոստիկանության կողմից, որտեղ, ինչպես նշում է Hurriyet-ը, մեծ տարածում ունեին խոշտանգումները: